Ինչո՞ւ չի հրապարակվել Վլադիմիր Պուտինի պատասխանը սահմանային լարվածության մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ նախատեսված էր Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Մինչեւ ուշ գիշեր հանդիպման մասին որեւէ հաղորդագրություն չկար ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Ի վերջո, ժամը 22.50-ին ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց, իսկ 20 րոպե անց նաեւ ՀՀ նախագահական կայքում, որը ռուսական տեքստի կոնսպեկտ էր հիշեցնում: Այսպիսով, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման՝ լրագրողների համար նախատեսված արարողակարգային մասում Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության խնդրին:

Նա մասնավորապես ընդունել է, որ այս տարվա առաջին կեսին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է: «Ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ»,- ասել է Պուտինը: Այլ կերպ ասած՝ գիտեմ, որ խնդիր կա, բայց ոչնչով չեմ կարող օգնել: Նկատենք, որ ապրանքաշրջանառությունը նվազել է ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կտրուկ նվազման հաշվին, իսկ հակառակ ուղղությամբ ցուցանիշները պահպանվել են: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա նախ շնորհակալություն է հայտնել «Գազպրոմ-Արմենիային»՝ մատակարարվող գազի գինը 25 դոլարով էժանացնելու եւ 200 մլն դոլար զենքի վարկ տրամադրելու համար: Սարգսյանն անդրադարձել է նաեւ վերջին 2 շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրազենից բացի՝ կիրառում է նաեւ հրետանի: Իսկ թե այս առնչությամբ ինչ է պատասխանել Պուտինը, հաղորդագրություններում ոչինչ չի ասվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս