«Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է: Ես «դաբրո» եմ ստանում Ռուսաստանի նախագահից, երբ գործում եմ Ռուսաստանի տարածքում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Վերջինս մտադիր է Հայաստանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, այստեղ կուսակցություն հիմնել: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչ երաշխիք կա, որ Հայաստանում գործելու ընթացքում ևս Վլադիմիր Պուտինի հրահանգները չի կատարի:
ԱԱԾ նախկին պետ, քաղաքագետ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի մոտ ArmLur.am-ի հետ զրույցում հարց առաջացավ, թե ի՞նչ է նշանակում՝ հայկական համայնքն առաջնորդվում է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հրահանգներով արտահայտությունը. «Վլադիմիր Պուտինը նրա համար չէ, որ ամեն վայրկյան իմանա, թե հայերն ինչ խնդիրներ ունեն Ռուսաստանում: Հենց դրա համար էլ գոյություն ունի հայերի միություն, որը ներկայացնում է համայնքի առաջ ծառացած խնդիրները: Գուցե պարոն Աբրահամյանը սխա՞լ ձևակերպում է արել, նման ձևակերպում լինել չի կարող»:
Գուրգեն Եղիազարյանը միաժամանակ նկատեց, որ Արա Աբրահամյանն այսպես, թե այնպես գործում է միայն ՌԴ տարածքում, իսկ գործելու ընթացքում պետք է ոչ թե Վլ. Պուտինի համաձայնությունը ստանա, այլ գործի ՌԴ օրենքի սահմաններում. «Ես չեմ կարծում, որ նա հնարավորություն ունի ամեն վայրկյան ստանալ նախագահ Պուտինի համաձայնությունը: Կարիք չկա ամեն հարցով նախագահ Պուտինին աշխատանքից կտրել, պետք է ուղղակի գործունեությունը ծավալել Ռուսաստանում գործող օրենքների շրջանակներում: Եվ դրանով լիուլի ծառայություն մատուցած կլինի նաև նախագահ Պուտինին»,- շարունակեց ԱԱԾ նախկին պետը:
Ինչ վերաբերում է վտանգին, որ Հայաստանում գործելու ընթացքում ևս Արա Աբրահամյանին կհրահանգավորի Վլ. Պուտինը, Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ Արա Աբրահամյանը պետք է ոչ թե նախագահ Պուտինի թույլտվությունը ստանա, այլ պետք է իրեն պահի օրինապաշտ քաղաքացու նման, ասել է, թե՝ իր գործունեությունը ծավալի մեր երկրում գործող օրենքների սահմաններում:
Իսկ կլինի՞ արդյոք այդ գործունեությունը, թե՞ ոչ, դեռևս վաղ է ասել, սակայն միանշանակ է մի բան՝ Արա Աբրահամյանն ինքն է խոստովանել, որ ընտելացել է նրան, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» ստանա:
Տաթև Հարությունյան