Երևանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթ են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով: Մասնավորապես, եթե Արմավիրի մարզում որոշ գազալցակայաններում ավտոմեքենաները կարելի է լիցքավորել՝ 1 խմ գազի համար վճարելով 180-200 դրամ, ապա Աշտարակի շրջակայքում գինը տատանվում է 170-180 դրամի սահմաններում: 1 խմ գազի գինն ավելի ցածր է Տավուշի մարզի Իջեւան կամ Դիլիջան քաղաքաներում` 160-170 դրամ, մինչդեռ Երեւանում, ընդհակառակը, վաճառվող գազն ամենաթանկն է՝ 200-210 դրամ: Գների այս տարբերությունը խոսում է այն մասին, որ Երեւանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում:

Նշենք, որ ԱԳԼՃԿ-ների խոշոր ցանց ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան է պատկանում նաեւ մայրաքաղաքի եւ հարակից տարածքի գազալցակայանների հիմնական մասը: Բիզնեսի այս ոլորտում պասիվ չէ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի ընտանիքն էլ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Արարատի մարզում մի քանի գազալցակայաններ ունի: Մայրաքաղաքում եւ Արմավիրի մարզում գազալցակայաններ ունեն նաեւ ԱԺ պատգամավորներ Նահապետ Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ այլք:

«Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում գործող գազալցակայաններին առաքվել է 29 մլրդ 91 մլն դրամի գազ, բայց վերջիններս դրա համար վճարել են 30 մլրդ 535 մլն 100 հազար դրամ՝ 4 տոկոս գերավճարով: Մինչդեռ նախորդ տարի գազալցակայաններին առաքվել է 25 մլրդ 131 մլն դրամի գազ, իսկ վերջիններս վճարել են 25 մլրդ 936 մլն դրամ՝ 3 տոկոս գերավճարով:

Ըստ մասնագետների՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է գազով շահագործվող ավտոմեքենաների թիվը, որն էլ ուղիղ կապ ունի մարդկանց սոցիալապես անապահով վիճակի հետ: Բանն այն է, որ մեքենան գազով շահագործելն ավելի մատչելի է, քան բենզինով: Այս պատճառով բազմաթիվ քաղաքացիներ, գնելով բենզինով շահագործվող ավտոմեքենա, այն արագ վերածում են գազով աշխատողի, որը, թեեւ, ավելի ձեռնտու է, սակայն ոչ նույնքան ապահով: Ի դեպ, ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում գազով աշխատում է մեքենաների 77,3 տոկոսը:

ՀՀ-ում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության մասին բազմիցս խոսվել է: Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը վարորդներից դժգոհություններ է ստանում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության վերաբերյալ:

Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակության պետական պաշտպանության հանձնաժողովը գազալցակայանների նման գնային քաղաքականության մեջ մրցակցային օրենսդրության որեւիցե խախտում չի տեսնում: Ըստ հանձնաժողովի՝ այս փաստը վկայում է տարբեր գնային քաղաքականության մասին, որտեղ կա մրցակցային իրավիճակ: Տնտեսվարող սուբյեկտները վարում են գների անկախ քաղաքականություն, եւ որեւէ հսկողություն չի կիրառվում նրանց նկատմամբ, եթե վերջիններս չունեն բնական մենաշնորհներ, գերիշխող դիրք, եւ եթե հակամրցակցային համաձայնության չեն եկել` անհիմն բարձրացնելով, պահպանելով կամ իջեցնելով գները: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «ժողովուրդ»-ին փոխանցեց, որ գազալցակայանների ոլորտում գերիշխող տնտեսվարողներ չկան, իսկ հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք գրավող տնտեսվարողներ:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ կարեւոր է տեղեկանալ, թե ՀՀ հատկապես ո՞ր գազալցակայաններում ինչ ճնշման եւ ջերմաստիճանի տակ են մեքենան լցավորում: Չէ՞ որ ճնշումից եւ ջերմաստիճանից կախված է, որ գազալցակայանում գոյանում է բնական գազի գինը:

«Գների վերահսկողության բլոկում անելիք ունի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իսկ գնագոյացման գործընթացում` էկոնոմիկայի նախարարությունը: ՏՄՊՊՀ-ի անելիքը այն է, որ եթե գազալցակայանը ֆիքսել է 200 դրամ, ապա այն շարունակի աշխատել այդ գնով, այլ ոչ թե 230-ով: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը պետք է վերահսկի, որպեսզի տնտեսվարողը չկարողանա 4000 դրամը արհեստական ճանապարհով վերածել 5500 դրամի»,- բացատրեց ՀԿ-ի նախագահը:

Մասնագետի համոզմամբ՝ այս երկու պետական կառույցների միջեւ կապը բացակայում է, ինչի արդյունքում էլ այս համակարգում անհասկանալի գնային քաղաքականություն է վարվում: «Տնտեսվարողն ասում է՝ 200 դրամով է վաճառում գազը, իր հաշվիչի վրա դա էլ գրված է, բայց նա կարող է արհեստականորեն սպառողից գանձել 230 դրամ այնպես, որ սպառողը դա չզգա: Երկու ապարատների միջեւ կապ պետք է լինի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բացի այս՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ այս համակարգում կան լուրջ խնդիրներ, եւ առաջինը, որ պետք է լուծվի, դա գազալցակայաններում անվտանգության համակարգի ներդրումն է: «Եւ այն պետք է ներդնել այնպես, որ տնտեսական հետեւանքները վատ չլինեն: Մասնավորապես, եթե մենք վերցնենք վերջին մեկ տարվա վիճակագրությունը՝ գազալցակայանների պայթյունների, մահացության դեպքերի թիվը, ապա կհասկանանք, թե անվտանգության հետ կապված ինչ լրջագույն խնդիրներ ունենք: Այստեղ կա երկու հիմնական կարեւոր գործառույթ, որտեղ երկու պետական կառույց իր անելիքն ունի: Դրանք են՝ ՀՀ էկոնոմիկայի եւ ՏԿԱԻ նախարարությունները»,- ներկայացրեց Պիպոյանը` ցավով նշելով, որ այս երկու գերատեսչությունների համար էլ մարդկային կյանքը մղված է երրորդական պլան: Ըստ նրա` դա է փաստում այն իրողությունը, որ տվյալ կառույցները անգամ մահացության դեպքերից հետո ոչ մի էական, առարկայական քայլ չեն արել ԱԳԼՃԿ-ներում անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ:

Հ.Գ. Օգոստոսի 1-ից էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում զգալի վնասներ են կրում նաեւ գազալցակայանները, որոնք դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից: Առաջիկայում, ըստ ամենայնի, դրանց զգալի մասը կգնա նոր թանկացումների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս