Ոստիկանության փոխգնդապետի գործն արդեն դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի նախկին հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից: Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. Օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) և 313 հոդվածի 2-րդ մասի 2 կետի (կաշառքի միջնորդությունը պաշտոնական դրությունն օգտագործելով) հատկանիշներով:
Ըստ տեղեկությունների՝ նշված գործով կան ևս 4 կալանավորվածներ: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ Ա. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (Միլիցեքի բանտ):
Մեր տեղեկություններով, սույն գործով անցնող ամբաստանյալները, այդ թվում՝ Արսեն Գրիգորյանը, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, և հույս ունեն, որ դատարանում կապացուցեն իրենց անմեղությունը:




Լրահոս