Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների գլխավորած պատվիրակությունները նոյեմբերի 6-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն:
Այցելության շրջանակներում պատվիրակությունները հանդիպել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպման ընթացքում հայկական կողմը հանդես է եկել Հայաստանի անվտանգության միջավայրի վերաբերյալ բրիֆինգով, որից հետո հյուրերին ներկայացվել է տեղեկատվություն ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Հայաստանի պաշտպանության նախաարրությունում հյուրընկալվելու համար` Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ հանդիպումը լավ հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի պաշտպանական գերատեսչության աշխատանքներին ինչպես Զինված ուժերում բարեփոխումների իրականացման, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: