Հենց այսպիսի գնահատական է տվել Կոտայքի մարզին ու նրա մարզպետին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը 2012թ. իրականացրած ստուգումների արդյունքներով: Այո՛, ամենակոռումպացված մարզը, որովհետեւ շա՜տ երկար ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանը, որը հասցրել է մի քանի կուսակցություն փոխել (Կոմկուս, «Արժանապատիվ ապագա», ՀԺԿ, իսկ Կ. Դեմիրճյանի մահից հետո՝ ՀՀԿ) եւ մի քանի անգամ տարբեր դրոշների տակ երդում տալ, այս մարզը դարձրել է իր սեփական «բոստանն» ու վարվում է այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում:
Նա այսօր ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը եկամտաբերության թիրախ է դարձրել առաջին հերթին Ծաղկաձոր քաղաքը, ապա` ողջ մարզը, մասնավորաբար Հրազդան ու Չարենցավան քաղաքները, որոնցից առաջինի քաղաքապետին գրեթե ինքն է նշանակել` ընտրակեղծիքներով ու վախի մթնոլորտ ձեւավորելով, իսկ Չարենցավանի քաղաքապետն էլ հարազատ որդին է, ում հետ իրականացրած չարաշահումների աղմուկը դեռ չի լռել: Ժամանակին Շահգալդյանն իր որդու հետ նախաձեռնել էր բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, մի քանի շենքի տանիք նորոգել, իսկ մյուս շենքերի տանիքների նորոգման համար նախատեսված գումարներն էլ փոշիացրել:
Նախագահի վերահսկողական ծառայությունը փաստել է նաեւ, որ Ծաղկաձորում օտարվել է 26 հա հող, 151 հողամաս… Իսկ այս ամենի տերերն են դարձել Շահգալդյանին մոտ կանգնած մարդիկ, պաշտոնյաներ եւ բարձրաստիճան զինվորականներ:
Օտարումների հետ միասին ավերվել են պատմական արժեք ներկայացնող շինություններ: Այսպես, հողին է հավասարեցվել Գրողների նախկին տունը, ուր հանգրվանել են Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, մեր գրականության մեծերը: Դե, հազիվ թե մարզպետը ժամանակ ունենար ու գիրք կարդար, որպեսզի իմանար Չարենցի ու Իսահակյանի մասին, հազիվ տեղյակ լիներ, որ այդ տարածքում պահպանվում էին Չարենցի ձեռքով տնկված ծառերը, որոնք այսօր կարող էին զբոսաշրջային հետաքրքրություն ձեւավորել: Ծաղկաձորում այսօր կառուցվում է հսկայական ռեստորանային համալիր Կեչառիսի վանքի հարեւանությամբ՝ նախկին մանկապարտեզի տեղում: Մարզպետի թոռները երեւի էլիտար մանկապարտեզներ ու դպրոցներ են հաճախում, ուստի, Շահգալդյանի տրամաբանությամբ, Ծաղկաձորին բնավ էլ մանկապարտեզ պետք չէր: Մարզպետը հրաժարվում է մանկապարտեզի տեղում կառուցվող ռեստորանային համալիրի սեփականատիրոջ անունը տալ` ձեւացնելով, թե տեղյակ չէ: Նա պնդում է, թե դա իրենը չէ, այլ Չարենցավանի «Արմավտո» ընկերությանը: Միամիտները կարող են ենթադրել, թե այդ «Արմավտո»-ն Շահգալդյանին գրեթե անծանոթ մի կառույց է, բայց գիտենք, որ դրա գլխավոր սեփականատերը հենց Շահգալդյանն է:
Մարզպետն ինքն է ղեկավարում բոլոր աճուրդները: Նշանակում է՝ նախագահի վերահսկողական ծառայության արձանագրած այն փաստը, որ 25 աճուրդ անց է կացվել կոպիտ խախտումներով, հենց նրան է վերաբերվում: Այս մարզպետը կարծում է, որ ինքը ոչ թե պետական ծառայող է, այլ այստեղ նշանակված քեդխուդա, որը պիտի ինքն ամեն ինչ որոշի: Ու որոշում է: Աճուրդների մի զգալի մասն անց են կացվել այնպես, ինչպես Կովալն է ուզեցել: Իսկ մենք լավ գիտենք, թե Կովալն ինչն ինչպես է ուզում…
Մարզպետն ամեն ինչում իր բաժինն ունի: Դպրոցների հիմնանորոգման եւ վերանորոգման, ջրագծերի կառուցման, ճանապարհների բարեկարգման աշխատանքներում 65 մլն դրամի փոշիացում է արձանագրվել: Դարձյալ օգտագործենք փոշիացում բառը, քանի որ յուրացումն արդեն իրավական հետեւանք պաhանջող հասկացություն է: Հրազդանի քաղաքապետարանն էլ, առաջնորդվելով մարզպետի ցուցումներով, մի շարք գործարքներ է իրականացրել, արդյունքում` պետությանը հասցվել է 20 մլն դրամի վնաս: Հայտնի է, որ քաղաքապետն ինքնուրույն որեւէ հարց չի լուծում, որեւէ քայլ չի կատարում, ամեն ինչ արվում է Կովալի հանձնարարությամբ:
Մարզպետի ցուցումով Հրազդանի իբրեւ թե գոյություն ունեցող մշակութային օջախներում աշխատակիցներ են գրանցվել եւ աշխատավարձ ստացել: «Ժողովուրդ»-ը եղավ Հրազդանի քաղաքային թատրոնում, որի ղեկավարը կարողանում է «ատամներով պահել» թատերախումբն ու հրաշալի բեմադրություններ կյանքի կոչել: Հսկայական դահլիճում` մի քանի ջարդված աթոռ, պոկված մանրահատակ, սառնամանիք: Ու հենց այստեղ եւ գոյություն չունեցող մի շարք այլ օբյեկտներում Կովալը հանձնարարել է նոր մարդկանց աշխատանքի ընդունել:
Հիշենք, որ մեկուկես տարի առաջ մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը դատապարտվեց ազատազրկման դպրոցների տնօրեններից կաշառք վերցնելու համար: Կոտայքի շատ տնօրեններ ցավով էին խոսում մարզպետի տեղակալի մասին` ասելով, որ նա այդ ամենն անում էր մարզպետի գիտությամբ ու հանձնարարությամբ: Շահգալդյանն իր տեղակալի առիթով ասել էր, որ ոչ մի մարզպետ չի համաձայնի վերցնել ընդամենը 40 հազար դրամ կաշառք: Ու երեւի այդքան քիչ ինքը չի վերցնում, այդ պատճառով էլ Պռոշյան համայնքում, որի գյուղապետի սպանությունից անմիջապես հետո, խախտելով բարեկրթության ու բարոյականության բոլոր սահմանները, մարզպետը ցինիկ հայտարարություններ արեց` զրպարտելով հանգուցյալ գյուղապետին, մինչ օրս դպրոցի տնօրեն չի հաստատվում, չնայած ընտրությունները տեղի են ունեցել: Երեւի ընտրված տնօրենը չի կարողանում այնպիսի գումար տալ, որը կլինի Կովալի «սակագներին» մոտ… Իսկ Կովալի «սակագների» մասին Հրազդանում շատ են խոսում:
Հ.Գ. Անցած շաբաթ Պռոշյանի սպանված համայնքապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը Մուրադյանի հարազատները չէին ընդունել` այն հետ վերադարձնելով, քանի որ վիրավորված էին գյուղապետի հասցեին մարզպետի խոսքերից: Տարրական էթիկայից ու բարոյականությունից զուրկ մարդուն հարիր նման պահվածքը, սակայն, պարզվում է` ամբողջը չէ: Հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից ժապավենը Կովալը հանել է տվել, եւ ծաղկեպսակը վերադարձվել է խանութ: Տեսնես Սերժ Սարգսյանը, այդ մասին տեղեկանալով, աթոռից ընկե՞լ է:
ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ