Աշոտավանի գյուղապետը միայնակ կպայքարի. գյուղապետը վստահ է, որ կվերընտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում դեկտեմբերի 6-ին կանցկացվի ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այլեւ համայնքի ղեկավարի ընտրություն:

Առաջադրված թեկնածուները երեքն են՝ անկուսակցական Լյովա Գրիգորյանը, գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Բեկլարյանը եւ նույն մարզի Թասիկ գյուղի հիմնական դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Հարություն Հարությունյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել: Ի՞նչ մթնոլորտ է գյուղում. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Բեկլարյանի հետ:

-Ես արդեն ութը տարի է, ինչ որպես գյուղապետ եմ աշխատում, այս ընթացքում ոչ մի լարվածություն չկա: Ամեն ինչ հանգիստ է, խաղաղ…

-Արդեն մրցակից չունեք, միայնակ եք պայքարելու գյուղապետի պաշտոնի համար:

-Այո, նա էլ հանեց իր թեկնածությունը: Միայնակ էլ կպայքարեմ ու կհաղթեմ:

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

-Բոլորիս տրամադրությունն էլ բարձր է: Գյուղացիները հետաքրքրվում են, իսկ ես էլ բացատրում եմ սահմանադրական փոփոխությունների իմաստը:

-Իսկ ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իմաստը:

-Է, հիմա հո՞ չեմ նստելու ու Ձեզ Սահմանադրության իմաստը բացատրեմ:

-Լավ, գյուղացիներին ո՞ր կետն է ավելի շատ հետաքրքրում:

-Դե, այն բոլոր սահմանային դրույթները, որ կան սահմանադրական փոփոխությունների մեջ ներկայացնում ենք՝ իշխանական թեւերի տարանջատում, մեծամասնական ընտրակարգի բացակայություն, դատական համակարգի անկախություն:

-Համաձա՞յն են այդ ամենի հետ: Առարկություններ չունե՞ն:

-Դե, հնարավոր է, որ որոշ դրույթների հետ մարդիկ չհամաձայնեն, բայց ընդհանուր առմամբ բոլորը փոփոխություն են ուզում:

-Աշոտավանում շտաբ կա՞:

-Այո՛, ունենք: Աշխատողներն էլ 5-ն են:

-Ո՞ւմ միջոցներով եք նրանց վարձատում:

-Վարձատրություն չկա: Այս գյուղում փող հասկացությունը վերացած է: Բոլորն էլ կամավոր հիմունքներով են եկել աշխատում: Երկիրն աղքատ է, դրա համար էլ մենք պետք է առանց փող աշխատենք:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս