ՀՀԿ-Կարեն Անդրեասյան հակամարտությունը նոր երանգներ է ստանում. մինչև ուր կհասնի Միքայել Մինասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է` ինչ իշխանությունների սիրելին համարվող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դարձել է հանրապետականների, և հատկապես նրա երիտասարդական թևի քննադատության թիրախը: Երևույթի արմատները, բնականաբար, ավելի խորն են և երիտհանրապետականները բողոքում են Անդրեասյանից առաջին հերթին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անմիջական հրահանգով:

Իսկ Միքայել Մինասյանի կողմից նման հրահանգ իջեցնելու պատճառը հասկանալու համար բավական է հիշել, որ նախագահի փեսան և  նրա հարազատ եղբայրը՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը լարված հարաբերություններ ունեն: Գաղտնիք չէ, որ Կարեն Անդրեասյանը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: Հիշեցնենք, որ ՀՀ խորհդարանում և առհասարակ քաղաքական դաշտում կան անձինք, ովքեր համարվում են Միքայել Միասյանի «կոճակները» և անվերապահորեն կատարում են նրա հրահանգները: Այս անգամ բոլորին հրահանգված է ոչնչացնել ՄԻՊ-ին, ինչը եւ արվում է:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Կարեն Անդրեասյանն այդ նույն քննադատողների սիրելին էր և վայելում էր բոլորի համակրանքը: Ինչ փոխվեց տարիների ընթացքում…

2011թ. մարտի 2-ին Ազգային ժողովը ձայների 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել էր Մարդու իրավունքների պաշտպան: Նրա  թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էր իշխանական կոալիցիան` Հանրապետական կուսակցության առաջարկությամբ: Թեկնածության համար անհրաժեշտ ստորագրահավաքին չէին մասնակցել «Ժառանգություն»-ը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը: «Ժառանգություն»-ը շաբաթվա սկզբից բոյկոտում էր ԱԺ-ի աշխատանքները, իսկ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ դեմ է Անդրեասյանի թեկնածությանը: Կոալիցիան այդ ժամանակ գովեց իր թեկնածուին, նաև խրատներ տվեց` չմիանալ այս կամ այն խմբավորմանը, շարժմանը, չամաչել նախկինում արած քայլերի համար:

Անցել են տարիներ, սակայն հանրապետականները երևի թե մոռացել են, թե ինչպես էին նախկինում գովում նրան: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ կարելի է ասել «երեսով տվեց» իր արած լավությունը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՄԻՊ-ը խոսեց  Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի մասին, որը գտնվում է անմխիթար վիճակում: Դրանից հետո նախարար Աշոտյանն արձագանքեց, որ Անդրեասյանը «բարդույթավորված» է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո: Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել և ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն` ինքն օգնել է նրան: «Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը»,- նշել էր Աշոտյանը:

Իսկ վերջերս էլ խորհրդարանում Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ երիտհանրապետականները և հատկապես Սամվել Ֆարմանյանն էր սուր քննադատության ենթարկել ՄԻՊ-ին: Վերջինս էլ Ֆարմանյանին մեղադրել էր պատվեր կատարելու մեջ և հայտարարել, որ գիտի` ում ոտքն է տրորել, որ այդպիսի վերաբերմունքի է արժանանում: Գաղտնիք չէ, որ Ֆարմանյանը համարվում է Միքայել Մինասյանի կադրերից մեկը, ով իր կարճատև կարիերայի ընթացքում մի քանի կուսակցություններ է փոխել և հիմա էլ խորհրդարանում կատարում է նախագահի փեսայի հանձնարարականները:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Կարեն Անդրեասյան-ՀՀԿ հակամարտությունը դեռ կշարունակվի և պարտյան կավարտվի 2017թ.-ին. հենց այդ ժամանակ է ավարտվում Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը:

Ըստ ամենայնի, Միքայել Մինասյանը օմբուդսմենի այլ թեկնածու է արդեն պատրաստել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս