Մեր իշխանություններն այս անգամ էլ տանուլ կտան. Լարիսա Ալավերդյանը` ՄԻՊ թեկնածուի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

– Տիկի՛ն Ալավերդյան, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն որպես օմբուդսմենի թեկնածու առաջադրել է Արման Թաթոյանին: Ի՞նչ կարծիք ունեք այդ թեկնածուի մասին:

– Ինքը եղել է առաջին աշխատողներից, հենց իմ աշխատակազմում: Շատ լավ, գրագետ, լավ ունակություններ ունեցող, և նրա անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ նա պիտանի է այդպիսի պաշտոնի համար: Խնդիրը հաջող իրավաբան լինելը չէ: Հուսանք, որ իշխանություններն այս անգամ իրենց ավելի կոռեկտ կպահեն:

– Բայց ՄԻՊ մասին օրենքում գրված է, որ պաշտպանի պաշտոնում պետք է ընտրվի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը: Սակայն Թաթոյանին նույնիսկ շատ պատգամավորներ չեն ճանաչում: 

– Այդ օրենքը գնալով միշտ տեղի է տալիս: Օրինակ` Արմեն Հարությունյանն ավելի քիչ հայտնի էր, Կարեն Անդրեասյանն ավելի քիչ, քան` Հարությունյանը: Այնպես որ, երևի թե այդ որակին նշանակություն չեն տալիս:

– Իսկ Արման Թաթոյանը կկարողանա՞ դիմակայել իշխանություններին:

– Մեր իշխանություններն այս անգամ էլ տանուլ կտան, որովհետև ես համարում եմ, որ բոլոր օմբուդսմեններին էլ իշխանություններն են տանուլ տվել, որովհետև ինքն է առաջարկում, ինքն էլ` չի դիմանում: Սերնդափոխություն տեղի ունենում է, հուսանք, որ գոնե հռետորաբանությունը կփոխվի և պատվերի կամ ճնշումների ձևը կփոխվի: Դա իշխանություններից է կախված:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը: 

– Զարուհի Փոստանջյանը որպես մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան հայտնի է: Ուղղակի դա քիչ հավանական է, մի՛ մոռացեք, որ իշխանությունն է առաջադրում: Մենք չպետք է ընկնենք ոչ ռեալիստական սցենարների ետևից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս