«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, կառավարությունն օրենսգիրքն արդեն իսկ խորհրդարանում «շրջանառության» մեջ է դրել, եւ այն համապատասխան պաշտոնյաների սեղանին է. մարտի 1-ից պետք է մեկնարկեն եւ օրենսգրքի, եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում` ըստ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրի: Ի դեպ, Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ Հայաստանում գործելու են 13 ընտրատարածքներ. 9-ը` մարզերում, 4-ը` Երեւանում:
Ամենամեծ նորամուծությունն այն է, որ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը դարձել են մեկ ընտրատարածք: Տարակուսելի չէ՞ դա, քանզի ինքնին Սյունիքի մարզը շատ մեծ է, եւ տրամաբանական էր Վայոց Ձորը միացնել իրեն ավելի մոտ գտնվող Արարատի մարզին, հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Որ երկար մտածես, կհասկանաս»: Խնդիրը, ի դեպ, բավականին պարզ է. օրենքը գրողները «համապատասխան» ցուցումով են դա արել, զի «վերեւներում» չեն վստահում Արարատի մարզը «նայողներին» ու Վայոց Ձորը վստահել են Լիսկային` Սուրեն Խաչատրյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: