Դեմիրթաշի արձագանքը Դավութօղլուին. «Ուզում է ասել` ձեզ հետ էլ կանենք այն, ինչ արեցինք հայերի հետ 1915-ին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման համագործակցում է ռուսների հետ»:

Ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Փաստորեն երբ ասում են, թե մենք ռուսների հետ համագործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց դե մենք վստահ ենք մեր միասնականության վրա:

Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել»:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բինգյոլում ՀԿ-ների անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ակնարկելով քրդամետ կուսակցության անդամներին, ասել էր. «Սրանք այսօր գնում են Մոսկվա և Թուրքիայի դեմ համագրծակցության մեջ մտնում, ինչպես այն ժամանակվա հայկական հրոսակախմբերն էին համագործակցում ռուս զավթիչների հետ: Պնդում են, թե ցանկանում են Թուրքիային ինտեգրվել, սակայն մտքներում Թուրքիայում ապրող մարդկանց միմյանց դեմ հանելն է»:




Լրահոս