Անդրադառնալով Հայաստանում մաքսային ծառայությունների գների բարձրացման հանգամանքին` որոշ լրատվամիջոցներ այն, անհասկանալի պատճառներով, կապել են որոշ բեռնափոխադրող ընկերությունների հետ:
Ըստ տարածված լուրերի` մի քանի տուրիստական գործակալություններ, որոնք նաև բեռնափոխադրումներ են իրականացնում, չեն ժխտել մաքսազերծման գների բարձրացման մասին տեղեկատվությունը, սակայն հրաժարվել են այլ պարզաբանումներ տալ:
ArmLur.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ մատնանշված գործակալություններից մեկից` «Բագրատ տուր»-ից:
ՍՊԸ տնօրեն Բագրատ Նավոյանը մեր հարցից նախ զարմացավ և որպես զավեշտ ընդունեց այն, որ կարելի է մաքսազերծման թանկացումը կապել բեռնափոխադրող ընկերության հետ, ապա հավելեց. «Ապատեղեկատվություն է. մեզ որևէ մեկը չի դիմել, առավել ևս մենք չէինք կարող հաստատել մաքսազերծման գների թանկացման լուրը, քանի որ այդպիսի բան ուղղակի չկա: Մենք շարունակում ենք ծրագրված ներմուծումներն իրենց գրաֆիկին համապատասխան իրականացնել: Ոչ հերթեր կան, ոչ կուտակումներ կան: Ապրանքը բերում ենք, մաքսազերծում, հանձնում տերերին, որևէ խնդիր չկա»,- կարճ մեկնաբանեց մեր զրուցակիցը: