Մոտ երեք տարի առաջ Երևան Ջուր ՓԲԸ-ում սկսեց գործել տվյալների հավաքագրման հեռաչափական ծրագիրը («Լոկատոր»), որը ընկերության Կենտրոնական կարգավարական խմբին հնարավորություն տվեց համակարգչի միջոցով առցանց (on-line) հետևելու մայրուղային ջրատարներով դեպի Երևան մղվող ջրի շարժին, իրազեկ լինելու օրվա կարգավորիչ ջրամբարներ լցվող և այնտեղից դուրս հոսող ջրի քանակին, «տեսնելու» պոմպակայանների աշխատանքը, «չափելու» ջրի ճնշումը ներքաղաքային բաշխիչ ցանցում և մոտ 350 այլ չափանիշներով ստուգելու համակարգի «առողջական» վիճակը:
Ընդ որում, տվյալ՝ հեռատեղեկատվական ծրագրի կիրառումը առաջին փուլն էր ընկերությունում կառավարման ժամանակակից համակարգ կերտելու ճանապարհին: Երկրորդ փուլը, SCADA կոչվող ծրագիրը, վերջինիս տրամաբանական շարունակությունն է, որը ենթադրում է ոչ միայն հեռաչափում, այլ նաև հեռակառավարում:
Ջրատարների վրա, ջրաղբյուրներում, ջրամբարներում, պոմպակայաններում, ներքաղաքային ջրամատակարարման բաշխիչ ցանցի հանգուցային կետերում և այլուր տեղադրված LACROIX Sofrel արտադրության հեռակառավարվող մոդեմների միջոցով ընկերությունում ստեղծվելիք Կառավարման կենտրոնը կստանա համակարգի «ինքնազգացողության» մասին վկայող ողջ տեղեկատվությունը և «մեկ կոճակի» միջոցով Աբովյան 66ա հասցեից կմիջամտի տեխնիկական կառույցների աշխատանքին, օպերատիվորեն կլուծի առաջացող խնդիրները: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է համակարգը համապատասխանեցնել ծրագրին:
Բոլոր ջրամբարներում, ջրատար համակարգում, կառավարելի հանգույցներում տեղադրվում են կառավարելի փականներ: Իսկ բարձր ճնշումային հանգույցներում նախատեսվում են ասեղնային (needle valve) և թիթեռնիկավոր փականներ, ջրի ճնշման կարգավորիչների փոխարինում: Մասնավորապես մեկ ամսից կտեղադրվեն ճնշման տվիչներն ու Aldos ֆիրմայի քլորակայանների կառավարելի ինժեկտորները:
Հաշվետու ամսում համակարգում արդեն նկատվել են ծրագրի առաջին ծիծեռնակները. Խարբերդ-Գառնի ջրատարի վրա SCADA-ի շրջանակներում տեղադրվել է 300 մմ տրամագծով եվրոպական հայտնի Klaval ֆիրմայի արտադրության մուտքի կարգավորիչ փական: Այն հնարավորություն կտա և՛ ապահովել կայուն ճնշում, և՛ նվազեցնել վթարների հավանականությունը, և՛ բարձրացնել շահագործման հուսալիությունը: Իրականացվող մեծածավալ եւ բավականին ծախսատար շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիսին:
Ինչ վերաբերում է համակարգի ընթացիկ գործերին, ապա մարտին ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ Դեմիրճյան 40 հասցեում վերակառուցվել է բակային պոմպակայանը, ինչպես նաև տեղադրվել է 2 նոր փական: Նուբարաշենի մի շարք թաղամասերի ջրամատակարարման բարելավման նպատակով «Գառնի-Երևան» ջրատարից կառուցվել է պոլիէթիլենային նոր ջրագիծ:
Ջրամատակարարման ճնշման կարգավորման համար Դավիթ Բեկի-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, Աճառյան փողոցի 2-րդ փակուղում տեղադրվել են ճնշման կարգավորիչ փականներ: Ջրագծերի վերակառուցումը շարունակվել է Երկաթուղայինների, Երզնկյան փողոցներում, Կոտայքի Պտղնի և Առինջ գյուղերում, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում:
Ընդհանուր առմամբ համակարգը շարունակել է գործել կայուն ռեժիմով, վթարները՝ ջրագծերում, կոյուղագծերում ու պոմպակայաններում վերացվել են սահմանված ժամկետներում, ամենուր պահպանվել է ջրամատակարարման սահմանված ժամանակացույցը: Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 83.1%-ը, 17-23,5 ժամ՝ 16.9%-ը:
Իսկ ջրամատակարարման ցանցի հանգուցային կետերից վերցված 1432 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. մարտին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. մարտի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
Հիմնական ցուցանիշներ | 2009թ.
մարտ |
2015թ.
մարտ |
2016թ.
մարտ |
2016թ. մարտ – 2015թ. մարտ /+ – |
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝ լիտր/վրկ. | 11 533 | 8043 | 7687 | -356 /2009թ. մարտից՝ -3846/ |
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ | 313 000
|
44 000
|
36 000 | -8000 /2009թ. մարտից՝ -277 000/ |
Ջրամատակարարման շարունակականություն՝ % | 87,4
|
98,5 | 97,8 | +0.7% կետ /2009թ. մարտից՝ +10.4% կետ |
Հանրային կապերի ծառայություն