ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ազատ ոճայիններից Հայաստանը ներկայացնող Արտակ Հովհաննիսյանը (55 կգ քաշային կարգ), հերթականությամբ հաղթելով երկու ուկրաինացի, ապա հնդիկ ըմբիշի, պարտվեց ապագա չեմպիոն իրանցուն: Իսկ ահա բրոնզե մեդալի համար պայքարում նա ուժեղ գտնվեց ադրբեջանցի Ռուսլան Սուրխաեւից:
ԽԱՂԱՑ 91 ՐՈՊԵ
Վնասվածքի պատճառով Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության միայն երկրորդ տուրի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի հետ հանդիպմանը նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում։ Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն հաղթեց 2։1 հաշվով, իսկ Հենրիխը, որը խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում եւ փոխարինվեց միայն խաղավարտից մեկ րոպե առաջ, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով. «Սա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր «Բորուսիա»-ի մարզաշապիկով, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Ամենակարեւորն այն է, որ կարողացանք 3 միավոր վաստակել: Այժմ պետք է ամբողջովին կենտրոնանանք առաջիկա ուրբաթ օրը (oգոստոսի 23-ին) կայանալիք Բրեմենի «Վերդեր»-ի հետ կայանալիք խաղի վրա»: