ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Վանաձորում առաջիկայում, հնարավոր է, բարձրանա աղբահանության ծառայության սակագինը: ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ եւ վերջինիս ֆինանսական աջակցությամբ Վանաձորի քաղաքապետարանում կայացավ «կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի» վերաբերյալ խորհրդակցություն: Մասնակիցներից քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Սամվել Սրապյանը նշեց. «Տարիֆների առումով 1,5-2 անգամ թանկացում կարող է լինել՝ համեմատած ներկայումս օրենքով սահմանված գների: Բայց դա չի գերազանցելու համախառն եկամտի 1 տոկոսը: Նաեւ ավելանալու են շահագործող կազմակերպությունների ծախսերը, ավելանալու են ռեսուրսային ներդրումները, պետք է կատարվեն օրենսդրական լուրջ բարեփոխումներ»: Իսկ աղբահանության ծառայության սակագինը կորոշվի այդ հայեցակարգի ներդրումից հետո: «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի» ներդրումից հետո նախատեսվում է Հայաստանում ունենալ 5 աղբավայր, որից մեկը՝ Վանաձորում:
 
ԿՕԳՆԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ
Օձունի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են, եւ նախատեսված է, որ գործին իրենց նկարներով կօգնեն նաեւ լոռեցի վարպետները: Ըստ «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի եւ նկարիչների միության միջեւ այս տարի ապրիլին վավերացված համաձայնագրի՝  նկարիչների միության անդամները գեղանկարներ եւ այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին: Դրանց վաճառքի հասույթը հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված է ուղղել մասնավորապես մշակութային արժեքների վերականգնմանը: Այս գործընթացին իրենց մասնակցությունն են բերել նաեւ լոռեցի վարպետները: Լոռեցի 5 նկարիչ մայրաքաղաքում արդեն հանձնել են իրենց գործերը, եւս 14 նկարիչ միացան արդեն Լոռու մարզում:
Ուշագրավն այն է, որ Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցած նկարների նվիրաբերության արարողության ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ շատ է կարեւորում նմանօրինակ նախաձեռնությունները, քանի որ պետության միջոցները շատ հաճախ չեն բավականացնում այս կարգի ծրագրերի իրականացմանը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս