Թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերից, որոնք օդ են բարձրացվել Ինջիրլիկ ավիաբազայից: Թուրքական բանակի նման գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան երկրի հարավում գտնվող Քիլիս նահանգի հրթիռակոծության: Այս մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունում:
Օպերացիայի արդյունքում «Իսլամական պետության» 34 զինյալ է ոչնչացվել, ինչպես նաև ոչնչացվել է 6 ավտոմեքենա և ահաբեկիչների 5 դիրք:
Թուրքական Քիլիսը վերջին շրջանում բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության սիրիական սահմանից, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից: Ապրիլի 12-ին քաղաքի վրա 2 հրթիռ էր ընկել, որի արդյունքում 8 մարդ էր վիրավորվել: