Ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իր իսկ առաջարկած ելքը համարում «անհաշվենկատ նախաձեռնություն». ոչինչ չի մոռացվում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր Պետրոսյանը երեկ անդրադարձել է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման խնդրին` դա համարելով «խելահեղ միտք»: Իր ծավալուն հոդվածում վերլուծելով միակողմանի ճանաչման հնարավոր հետեւանքները` Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել է. «Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու: Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արեւելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։

Հետեւաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից,- ընդգծել է Առաջին նախագահը եւ եզրափակել,-ուստի այս առումով գնահատելի եմ համարում, որ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համեմատությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից»։

Հատկապես այս վերջին ձեւակերպումը մի շարք հարցերի տեղիք է տալիս, քանի որ հենց ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ 2008թ հոկտեմբերի 17-ի հանրահավաքի իր ելույթում, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, որպես անհրաժեշտ քայլերից մեկը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից` առկախ թողնելով նրա վավերացումը՝ նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում: Իրադրությունը ոչ սովորական լինելով` ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»:

Թե որն է պատճառը, որ ներկայիս` էլ ավելի ոչ սովորական իրադրությունում Տեր-Պետրոսյանը ժամանակին իր իսկ առաջարկած ելքը համարում է «անհաշվենկատ նախաձեռնություն», դժվար է ասել: Ըստ ամենայնի, սա Արցախի ճանաչման մասին հայտարարած, սակայն դրա իրագործման վտանգները մինչեւ վերջ չհաշվարկած Սերժ Սարգսյանի դեմքը փրկելուն ուղղված քայլ է:




Լրահոս