Ուժգին քամու պատճառած վնասների վերացման աշխատանքները հիմնականում ավարտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել և գույքագրել է նախորդ շաբաթ ուժգին քամու հասցրած վնասները: Զեկուցվել է, որ տարվել են համապատասխան աշխատանքներ և հիմնականում վերացվել են քաղաքային ենթակառուցվածքներում գրանցված վթարների հետևանքներն, ու վերականգնվել է վերջիններիս բնականոն աշխատանքը:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ մասնավորապես վերականգնվել են վնասված 42 ճանապարհային նշաններ, 11 լուսացույց, 50-ից ավելի գովազդային վահանակ: Ամբողջությամբ վերացված են արտաքին լուսավորության ցանցում գրանցված վթարների հետևանքները: Համապատասխան աշխատանքներ են տարվել նաև քամու հետևանքով 94 ծառերի տապալման հետևանքների վերացման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատիրությունների հետ համատեղ աշխատանքներն ու ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր ինքնուրույն չեն կարող վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները: Հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել այս հարցի առնչությամբ «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված զանգերը և հետևողական լինել դրանց հնարավորին արագ լուծում տալու հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս