«4-րդ անգամ է` նախարար եմ, բայց բոլորը միասին 4 տարի է կազմում». ինչ էնտուզիազմով է Լևոն Մկրտչյանն աշխատանքի գնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակչության թվի նվազման հետեւանքով գյուղական որոշ համայքների դպրոցներ փակվելու վտանգի առաջ են կանգնած: Այս հանգամանքն անմիջականորեն ազդում է նաեւ բուհ ընդունվողների թվի նրա: Արդյոք այս խնդիրները լուծելու ուղղությամբ ՀՀ ԿԳՆ-ն քայլեր անում է, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից:

-Պարո՛ն Մկրտչյան, Դուք արդեն 4-րդ անգամ եք ստանձնել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Արդյո՞ք այժմ Դուք նույն էնտուզիազմով եք Ձեր գործին վերաբերվում, թե՞ այն արդեն հոգնեցուցիչ է դառնում:

-Անկեղծ պատասխանեմ: Իսկապես 4-րդ անգամ է, բայց բոլորը միասին 4 տարի: Այսինքն՝ ծրագրեր կան, եւ ես համակարգից դուրս չեմ եկել: Լրիվ ուրիշ բան է, որ որոշումներ ես ընդունում, ծրագրեր ես ասում, հետո գնում ես համալսարան, եւ այդ ծրագրերը սկսում են քո վրա աշխատել: Ես մագիստրատուրայում դասավանդում եմ եւ այդ նույն համակարգը, բացթողումները, ներսում մթնոլորտը, ամեն ինչ ավելի գործնական եմ տեսնում: Իմ կարծիքով եկել է պահը, որ բոլորս միասին փորձենք մի քիչ ջանք գործադրել՝ որակը վերաստեղծելու համար, կրթության որակի բարձրացման հիմնախնդիր կա: Եթե այս նոր պատասխանատվության մեջ կարողանանք այնպես անել, որ ունենանք, օրինակ, ավելի ազատ, ինքնուրույն, ինքնավար համալսարաններ, կայացած ավագ դպրոց ունենանք, ինչի մասին որ խոսում եմ, այս ծրագրերը կհամարեմ, որ բավարարված, ինչ-որ չափով արդարացված են: Տեսնեմ՝ ինչպես կստացվի:

-Երբ Ձեզ առաջարկեցին կրկին դառնալ ԿԳ նախարար, անհրաժեշտությունը ինչո՞վ բացատրեցին, եւ Դուք ի՞նչ պատասխանեցիք:

-Մեր կուսակցությունը որոշակիորեն մտավ կոալիցիայի մեջ, եւ ինձ առաջարկ եղավ, որովհետեւ ես համակարգը, խնդիրները լավ գիտեմ եւ կկարողանայի երեւի արագ մտնել այդ հարցերի մեջ: Սա էր երեւի հիմնականը, որ մեր կուսակցությունը իմ վրա կանգնեցրեց թեկնածության ընտրությունը: Ես կարգապահ մարդ եմ, պատրաստ եմ աշխատել: Ինքս ինձ համարում եմ այդ իմաստով ավելի պատասխանատու եւ եթե մի բան կարող եմ անել, եւ հնարավոր է անել, անկախ շատ ցանկություններից պետք է անեմ: Այ, երբ զգամ, որ անօգտակար է, չեմ կարողանում ժամանակի հեւքը հասկանալ, եւ ինչ-որ բաներ չի ստացվում, հավատացեք՝ առաջինը ես կհրաժարվեմ:

-Պարո՛ն նախարար, ՀՀ բազմաթիվ գյուղերում աշակերտների սակավության պատճառով դպրոցները փակվելու վտանգի առաջ են կանգնած: Խնդիրը կարգավորելու համար ԿԳՆ-ն ի՞նչ քայլեր է անում:

-Գյուղերը մի քիչ բարդ հասկացություն է: Մենք մի հատ մեծ հարց ունենք. շատ դպրոցներ ունենք, որոնք, օրինակ, 20 աշակերտի վրա պահում են 28 ուսուցիչ կամ մնացել է 7 աշակերտ, 6 աշակերտ: Որեւէ դպրոց մենք չենք փակում: Այսինքն՝ եթե դա ինքնաբերաբար աշակերտների թվի նվազման, գյուղի դատարկման պատճառով չի լինում: Այսօր մենք որեւէ գյուղական դպրոց փակելու ծրագիր չունենք: Եւ իմ կարծիքով քանի դեռ գյուղը ճիգ է անում ապրելու, պետք է դպրոցը լինի: Սա իմ խորին համոզմունքն է, որովհետեւ գյուղական տրամաբանության մեջ դպրոցը այն կայուն հաստատությունն է, որը ապահովում է գյուղի կենսագործունեությունը: Ինչքան էլ դժվար լինի, մեր պետության վրա դա թանկ նստի, պետության քաղաքականությունը միշտ եղել է, որ այդ դպրոցները պահպանվեն: Մենք 1430 դպրոց ունենք, Երեւան քաղաքում բնակչության կեսից ավելին է, բայց Երեւանը ընդամենը 200 դպրոց ունի: Այսինքն՝ Հայաստանի դպրոցների մեծ մասը ֆինանսապես շատ դժվար վիճակի մեջ է գոյատեւում, որովհետեւ աշակերտների փոքր թիվ ունեն: Բայց մեր երկրի բնակչության եւ աշխարհագրության ձեւաչափն է սա: Այսինքն՝ չի կարելի գյուղին զրկել դպրոց ունենալու իրավունքից: Ես այս տեսակետին եմ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս