5 ԳՆԴԱՊԵՏ ԵՎ ՄԵԿ ԳԵՆԵՐԱԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պաշտպանության նախարարության 2 գնդապետ ու 1 գեներալ է ձերբակալվել: Ինչպես պարզեցինք՝ աղմկահարույց ձերբակալությունը կապված է անորակ ապրանքներ ձեռք բերելու, ուռճացված գներով գնումներ կատարելու, ունեցած իշխանությունը չարաշահելու համար:

Որտեղից սկսվեց ՊՆ-ի շուրջ աղմուկը
«Ժողովուրդ»-ը փետրվարի 18-ին գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար գնման գործընթացի մասին էր: Ավելին՝ բանն այնտեղ էր հասել, որ աղմկահարույց յուրացումներ էին հայտնաբերվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հատկապես հափշտակության դեպքեր էին հայտնաբերվել ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների մասով: Եղել էին դեպքեր, որ ՊՆ աշխատակիցները փորձել էին վերահսկողական ծառայության աշխատակիցներին ինչ-ինչ ճանապարհով շահագրգռել՝ այս կամ այն բացահայտման վրա աչք փակելու համար:
«Ժողովուրդ»-ը ստուգումների ու աղմկահարույց բացահայտումների մասին զրուցել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: Վերջինս հաստատել էր ստուգումների փաստը: «Ձեր տեղեկությունները ճիշտ են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ենք մտել պաշտպանության նախարարություն՝ ուսումնասիրություններ կատարելու համար, հիմա ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ դա կլինի բացարձակապես իրականության չհամապատասխանող ինֆորմացիա: Ժամանակ է պահանջվում, առնվազն երկու ամիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ»,- դեռեւս փետրվարի 18-ին ասել էր այսօր արդեն ՊԵԿ նախագահը:
Այս հրապարակումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անձամբ այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ խոսվել էր գնումների գործընթացի բարելավման մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ «նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, թեեւ դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաեւ բացթողումներ»: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ փաստել էր, որ «զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն եւ արդարություն ապահովելու նպատակով պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում եւ հովանավորչություն»: Այս խորհրդակցությունից հետո տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանին պատմել էր ՊՆ-ում կոռուպցիոն դրսեւորումների մասին եւ անձամբ ստանձնել այդ իրավիճակին վերջ դնելու գործընթացի ղեկավարումը: Եւ որպես վերստուգող մարմին՝ գործընթացին «խառնվել» էր նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:

Ինչո՞ւ կոծկեցին
«Ժողովուրդ» օրաթերթի նշված հրապարակումը հիմք դարձավ, որ 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ զինվորական դատախազի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեում սկսեն նյութեր նախապատրաստել` ՊՆ-ում հնարավոր չարաշահումները քննելու նպատակով. հիմքում՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էր: Այս գործով մեր թղթակիցը բացատրություն տվեց:
Սակայն օրեր անց խմբագրությունը ծանուցում ստացավ այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Ասել է, թե ՀՀ քննչական կոմիտեն գնումների գործընթացում կոռուպցիոն որեւէ դրսեւորում չէր գտել:
Մինչդեռ տարիներ շարունակ գեներալներն ու գնդապետները անարգել ու անվախ «փայ» են մտել «բանակի» բյուջեին ու գնել այն, ինչ իրենք են ուզում, այն գնով, որ բացառապես իրենց է ձեռնտու` ուշադրություն չդարձնելով որակի վրա: Եւ այդ ամենը` ՀՀ իշխանության ամենաբարձր հովանու ներքո:

«Խոշոր ձկներին» չպատժեցին
Ինչպես երեւում է՝ քառօրյա պատերազմը արագացրեց բանակի հաշվին հարստացողների դեմ սկսված արշավը: Նախ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց երեք գեներալների` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ԶՈՒ կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Բայց նրանցով չսահմանափակվեց ՊՆ-ի աղմկոտ պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների շարքը: «Խոշոր ձկներին» հեռացրին աշխատանքից, սակայն քրեական պատասխանատվության չենթարկեցին, իսկ քավության նոխազ դարձան «մանր եւ միջին ձկները»` հայտնվելով ճաղերի հետեւում:

3 ամսվա ընթացքում
Բոլոր այն պաշտոնյաները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում ազատվեցին պաշտոններից, միայն նրանց շարքերից որոշ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեցին: 2016 թվականի մարտի 21-ին կալանավորվեցին ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ կաշառք ստանալու օժանդակության համար:
Մայիսի 11-ին ձերբակալվեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը:
Երեկ էլ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում ուռճացված գներով գնումներ կատարելու, իշխանությունը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար ձերբակալվեցին ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:

Մեղադրանքի հետքերով
Իսկ ի՞նչ է ասել անորակ սնունդ` ուռճացված գներով: Որպեսզի մեր ընթերցողներին հասկանալի լինի, բերենք պատահական մի օրինակ: Դիցուք` ՀՀ ՊՆ-ն հայտարարել է բանակին բրինձ մատակարարելու մրցույթ: Որեւէ ընկերության հետ համաձայնության է եկել, որ, օրինակ, 1 տոննա բրինձի փոխարեն կմատակարարեն 500 կգ բրինձ, սակայն գնման հայտի մեջ կներկայացնեն մատակարարված 1 տոննա բրինձ: Ու քանի որ ՀՀ բյուջեից հատկացված է եղել 1 տոննա բրինձի գումար, մնացած կես տոննայի գումարը կողմերը «մեջ-մեջ» են արել: Չի բացառվում, որ մատակարարող ընկերությունը առաջարկած լինի նաեւ անորակ բրինձ, որը ՊՆ-ին պատրաստ է եղել հանձնել 400 դրամով, բայց ՊՆ համապատասխան պաշտոնյաների շնորհիվ անորակ բրինձը ներկայացվել է 500 դրամով գնված որակյալ բրինձ: Եւ այսպես շարունակ:

Արդար չէ
Իհարկե, որքան էլ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փորձի կուլիսներում սուր ճոճել, թե պայքարում է ՊՆ-ի կոռուպցիոն դրսեւորումների դեմ, այնուամենայնիվ, բոլորի համար էլ հասկանալի է, որ դատախազին թույլատրվում է «պայքարել» խիստ որոշակի միջավայրում, որն ավարտվում է միայն «մանր ու միջին» տրամաչափի պաշտոնյաների տիրույթում: Ու շատ հաճախ ազատազրկվում են մարդիկ, որոնք միանձնյա չեն գործել կոռուպցիոն բուրգում: Ուստի անարդար է «խոշորներին» շրջանցելով՝ «մանրերին կամ միջիններին որսալը»: Եւ ասել, որ ՀՀ նախկին զինդատախազ, այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չգիտի, թե ձերբակալվածներից ով ինչ կոնկրետ մեղքի բաժին ունի, մեղմ ասած, սխալ է:

Ցուցմունքներից է կախված
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ քննչական մարմնում ձերբակալված պաշտոնյաներին արդեն հասկացրել են, թե իրենց ճակատագիրը կախված է տված ցուցմունքներից: Եթե վերջիններս խոսեն եւ պատմեն ողջ ճշմարտությունը, նկարագրեն կոռուպցիոն սխեմաները, միգուցե չկալանավորվեն: Իսկ եթե ոչ, կալանքն անխուսափելի կլինի:
Ի դեպ, երեկ այս ձերբակալությունների ֆոնին դադարեցվել են ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության ներկայիս պետի լիազորությունները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՅՏՆԻ ԳՐԱՎԸ
Ինչպես արդեն գրել էինք՝ մայիսի 11-ին Հայաստան է վերադարձել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա այս օրերին բավականին ակտիվ խոսում է ապրիլյան պատերազմի, թույլ տված սխալների մասին եւ նշում, թե ինչ քայլեր են հարկավոր՝ ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:
Բայց գեներալ լեյտենանտը չի խոսում իր պարտքերի մասին: Այսօր ամենակարեւոր հարցը, որը, թերեւս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են: Գրել էինք, որ Բաբայանի պարտքերի մի մասը նաեւ բանկերին է եղել: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանի բնակարանները Սամվել Բաբայանը գրավադրել էր բանկերում ու գումար վերցրել` չկարողանալով մարել այն, եւ ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանն իր միջոցներով մարել է տվել պարտքերը, որպեսզի նախկին քաղաքապետին ու ՍԴ անդամին բանկը տանից դուրս չհանի, եւ աղմուկ բարձրանա:
Իսկ ինչու էր Բաբայանը այդ պարտքը վերցրել վերոնշյալ պաշտոնյաներից: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին էր պատկանում «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն: Ժամանակին այս ընկերությանն էր պատկանում Հայաստան շինափայտ ներկրելու մենաշնորհը: Այդ արտոնությունը Բաբայանին էր տրվել դեռեւս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ՝ սիլիտրա: Տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք էր գրավ դրել: Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի տներ նա գրավադրել էր բանկերում եւ պարտքերը մարել չկարողանալու եւ քաղաքական խմորումների պատճառով գեներալը ստիպված եղավ լքել Հայաստանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես Սերժ Սարգսյանը մարեց Սամվել Բաբայանի պարտքը եւ իր բնակարանը գրավից հանեց: Ի պատասխան՝ Կիմ Բալայանն ասաց. «Պարտքի մասին ո՞վ է խոսել»:
-Պարո՛ն Բալայան, մամուլը մի քանի տարի շարունակ գրեց, բարձրաձայնեց, որ Սամվել Բաբայանը Ձեզ պարտք է եղել:
-Մամուլը կարող է ամեն մի հիմարություն գրել:
-Մի՞թե Ձեզ պատկանող բնակարանը գրավ դրված չի եղել Սամվել Բաբայանի կողմից:
-Ես նման բան չեմ կարող պնդել, նման բան չի եղել: Ես ասացի, մի անգամ արդեն մեկնաբանել էի` հիմարությունները չեմ մեկնաբանում: Գնացեք իմ բնակարանը, գտնվում է Գուլակյան փողոցի վրա, երբեւիցե գրավի տակ եղե՞լ է, թե՞ ոչ, ապացուցվող փաստ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս