Կեղծ ուղեգրերի առեղծվածը. առողջապահության նախկին նախարարը զարմացած է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին առաջադրված մեղադրանքին, ասաց. «Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ կարող է նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել, իսկ ավելի ուշ ազատ էին արձակվել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջիններս ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

«Ժողովուրդ»-ը այս կապակցությամբ զրուցել է ՀՀ առողջապահության նախկին նախարար ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյան հետ:

-Պարո՛ն Բաբլոյան, Դուք առողջապահության նախարար եք եղել, ըստ Ձեզ՝ Սարո Ծատուրյանը կարող էր առանց իր ղեկավարների իմացության առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստել:

-Գիտեք, քանի որ պրոցեսը շարունակվում է, դժվար է դեռ բոլոր մանրամասնությունները լսել եւ բարձրաձայնել, դրա համար, կարծում եմ, ավելի լավ կլինի, որ մենք սպասենք, տեսնենք՝ համապատասխան քննչական մարմինների վերջնական եզրակացությունները ինպիսին են, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ամեն դեպքում ինձ համար էլ դեռ մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչպես կարող են նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ:

-Այս հարցը եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը սեւեռեց անվճար ուղեգրերի տրամադրման գործընթացի վրա, պարզվեց, որ 2014 թվականին են միայն որոշել ուղեգրերին հատուկ պաշտպանիչ շերտ ավելացնել, որպեսզի դրանք չկեղծեն: Պատկերացնում եք՝ մինչեւ 2014 թվականի այդ փոփոխությունը քանի նախարար ենք ունեցել, եւ ինչ չարաշահումների մասին կարող է խոսք լինել:

-Ի սկզբանե, երբ ստեղծվել են ուղեգրերը, իհարկե, դրանք եղել են ոչ պաշտպանված, որովհետեւ բոլոր պրոցեսները, մշակումները տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:

Այո, այն ժամանակ ես նախարարն եմ եղել, բայց հետագայում ավելի զարգացել են մոտեցումները եւ պաշտպանողական մեխանիզմներ են մտցվել: Միանշանակ մշտական ծրագրերի զարգացման առումով վերահսկողությունը ավելի պետք է հստակեցվի, որպեսզի առարկայական լինի ուղղվածությունը, որ մենք իմանանք՝ իսկապես ներդրված գումարներն ուղղված են ճիշտ նպատակներին:

-Իսկ Ձեր՝ որպես նախարար պաշտոնավարման շրջանում այդ վտանգը չէիք տեսնո՞ւմ:

-Մեր ժամանակ այնքան նոր էր այդ ամենը, որ վտանգների հնարավորությունը շատ ավելի մեծ էր, քան թե հիմա:

-Կոնկրետ ի՞նչ վտանգների մասին է խոսքը:

-Երբ դու նոր համակարգ ես դնում, միշտ էլ այն ավելի թերի է լինում, քան թե մի համակարգ, որը 20 տարվա ընթացքում կարող է շտկվել: Մյուս կողմից իմանալով, որ նոր համակարգ ենք ներդնում, մենք այն խիստ հսկողության տակ էինք պահում:

-Դուք աշխատել եք Սարո Ծատուրյանի հետ, նա կարո՞ղ էր միայնակ գործել:

-Առիթ ունեցել եմ իր հետ աշխատելու: Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ կարող է նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ, քանի որ ինքը ընդհանրապես բավականին կազմակերպված անձնավորություն է, նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, թե նա ինչպես կարող է նման բան թույլ տալ:

Մանրամասները՝  տեսանյութում

Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան




Լրահոս