Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ, ըստ որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5, ապա եւս 2 շրջաններ:
Նկատենք, որ այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հերքում տարածեց, որտեղ, սակայն, շրջանների հանձնման հնարավորությունը բացառող որեւէ ձեւակերպում չկար: «Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- նշված էր ԱԳՆ հայտարարությունում:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունց
-Պարո՛ն Հյուսնունց, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը համաձայնության են եկել, որ փուլային տարբերակով Ադրբեջանին պետք է հանձնվեն ԼՂՀ 5, ապա եւս 2 շրջաններ: Ձեր մեկնաբանությունը:
-Ադրբեջանի ադմինիստրացիան ցանկացած անհեթեթություն, ցանկացած մեկնաբանություններ կարող է տարածել, դա մեզ չի վերաբերում, մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով, շարունակում ենք կառուցել մեր պետականությունը: Մեր սահմանները անառիկ պահպանվում են, բանակը շարունակում է կատարել իր առաքելությունը, մենք էլ մեր առաքելությունը: Ղարաբաղում որեւէ արտառոց բան չի կատարվում, նմանատիպ խոսակցություններ նույնիսկ մեր ներսում չկան, իսկ Ադրբեջանի այդ անհեթեթությունները մենք չենք պատրաստվում մեկնաբանել, որեւէ խուճապ չկա:
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ պետք է հանձնվեն 5 շրջանները …
-Այդպիսի բան հնարավոր չէ, եթե ՀՀ նախագահը որեւէ աշխատանքային փաստաթուղթ ունենա իր ձեռքի տակ, որ հրամցնի ժողովրդին, այդ ժամանակ բոլորս տեղյակ ենք լինելու, բայց մենք չենք պատրաստվում որեւէ մի զիջման, տարածքային փոխզիջման որեւէ խնդիր քննարկել: Ապրիլյան դեպքերից հետո իրավիճակն ընդհանրապես մեր ժողովրդի մեջ փոխվել է:
-Պարո՛ն Հյուսնունց, իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը այցելեց Ստեփանակերտ:
-ՀՀ նախագահի՝ ԼՂՀ աշխատանքային այցի հետ կապված մեկնաբանությունը կարող եք ստանալ իր աշխատակազմից: Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված որեւէ խոսակցություն Ղարաբաղում չկա, եթե լիներ, ես կիմանայի, գոնե պատգամավորներով, կառավարության շրջանակներով ամեն օր հանդիպում, քննարկում ենք: Այս հարցի շուրջ խուճապային մթնոլորտ է Հայաստանում, Ղարաբաղում որեւէ բան չկա, ես հավաստիացնում եմ՝ խաղաղության հասնելու ճանապարհը մեկն է. Ադրբեջանը իր ժողովրդին պետք է պատրաստի հաշտության այդ տարրերին, որից հետո կարող ենք որեւէ դրական միտում ակնկալել: Քանի դեռ սա չկա, մենք չենք տեսնում, ուրեմն այդ խնդիրը լուծում չունի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ առաջիկայում 7 շրջաններ հանձնելու մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես կոնկրետ որեւիցե տեղեկություն չունեմ, բայց դա այնպիսի հարց է, որ այստեղ գաղտնի պայմաններով հնարավոր չի լինի: Եթե դա պաշտոնապես հայտարարված չէ, ես կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում: 5 շրջան հանձնելը կամ մեկ շրջան հանձնելը այնպիսի բան չի էլի, որ այսպես վայրկյանական կատարվի: Ես կարծում եմ, որ բանակցությունների գործընթացը շարունակվելու է, եւ այս շրջանների հանձնելը-չհանձնելը մենք պաշտոնապես իմանալու ենք: Բայց խորապես համոզված եմ, որ նման բան գոյություն չունի, որովհետեւ առաջին հերթին ոչ թե շրջանների մասին է խոսքը, այլ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, նրա անվտանգության երաշխիքների: Առաջինը սա պետք է լինի, մնացածը ածանցյալներ են: Այսօր նմանատիպ պայմանավորվածություն ես չեմ կարծում, որ կարող է լինել: Ընդհանրապես Ադրբեջանի պաշտոնական շրջանակները անընդհատ տարբեր ձեւի բաներ են ասում, որը իրականությանը չի համապատասխանում: Եթե նման բան լինի, պաշտոնապես կհայտարարվի, բայց նման բան բացառվում է, որ լինի:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Երեկ՝ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգում, քննարկվում էին մի շարք հարցեր, որոնցից մեկն էլ Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցն էր, ինչպես նաեւ Հունաստանում փախստականների հարցը:
Նկատենք, որ զեկույցում ոչ միայն ներկայացվում է, որ Թուրքիան բախվում է Սիրիայում ընթացող պատերազմի հետեւանքներին, այլեւ ի թիվս բազմաթիվ խնդիրների եւ լուրջ խախտումների, այնտեղ հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցությանն ու սահմանափակումներին, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների եւ շարքային քաղաքացիների հետապնդմանը:
Զեկույցում մասնավորապես ամրագրված է. «Վեհաժողովը լուրջ մտահոգություններ ունի մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներով եւ Թուրքիայի իշխանություններից պահանջում է իրականացնել արդյունավետ հետաքննություն, ներդնել գործուն մեխանիզմեր՝ ուսումնասիրելու համար երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը եւ հրապարակել հեղինակավոր զեկույցներ»: Բացի այս՝ զեկույցում մտահոգություն կա նաեւ բազմաթիվ թուրք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու փաստի վերաբերյալ:
Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում խստորեն դատապարտել է Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը` նշելով, որ փաստաթուղթն առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան պետք է անհապաղ անդրադառնա:
«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում եւ ճնշվում է Թուրքիայում»,- ասել է նա՝ անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակմանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը եւս, կարեւորելով մարդասիրական վերաբերմունքը, խոսել է փախստականների խնդրի մասին: «Այսօր շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում, եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհն այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: Իմ երկիրն ապաստան է տվել շուրջ 30.000 փախստականների: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ` այս մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ լիարժեք ինտեգրվելու նպատակով»,- ասել է նա:
Վերջինս նշեց, ոի Թուրքիան փախստականների հանդեպ այլ մոտեցում ունի: «Սակայն Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն` Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանց քաղաքական շահարկումների եւ անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարեւան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ` ոչ»,- նկատեց Կարապետյանը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԷԺԱՆԱՑՆԵԼՈՎ ԿԹԱՆԿԱՑՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում կհաստատի սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր սակագները: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ նախատեսվում է օգոստոսի 1-ից բնակչությանը էլէներգիան պետք է մատակարարվի 1 ԿՎտ/Ժ-ը ցերեկը 46,2 դրամ, իսկ գիշերը՝ 36,2 դրամ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ամսական մինչեւ 250 ԿՎտ էլէներգիա սպառողների համար սակագնի բարձրացում տեղի կունենա: Հիշեցնենք, որ մինչեւ 250 ԿՎտ սպառողների դեպքում կառավարությունը փոխհատուցում է էլէներգիայի սակագնի՝ անցած տարվա բարձրացումը՝ 6,93 դրամը: Նոր սակագինը սահմանելուց եւ էլէներգիան 2,58 դրամով էժանացնելուց հետո փոխհատուցումը մեխանիկորեն կվերանա, արդյունքում կստացվի, որ ամսական մինչեւ 250 ԿՎտ սպառողների դեպքում էլէներգիան իրականում 4,35 դրամով թանկացավ: Ահա եւ բլեֆը:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանին: Նշենք, որ հունիսի 20-ին Վոլոդյա Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել եւ բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի հերթական անգործության եւ իրեն ազատ չարձակելու դեմ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ անժամկետ հացադուլ հայտարարած հրամանատար Վոլոդյա Ավետիսյանին այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մշտական կապի մեջ են նրա հետ:
ԱՆԱՊԱՅՈՎ ԱՐԹԻԿ
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը մտադիր է առաջադրվել Արթիկի քաղաքապետի ընտրություններում: Մամուլն արդեն գրել էր, որ Մուշեղ Պետոյանը Անապայում բիզնես ունի եւ տարվա մեջ ամենաերկար ժամանակն անցկացնում է հենց Անապայում: Նույնիսկ վերջերս, երբ ՀՀ վարչապետը այցելել էր Շիրակի մարզ, Պետոյանը հատուկ նրան հանդիպելու համար Շիրակ էր վերադարձել ու կրկին մեկնել: Եւ այս համատեքստում արթիկցիների շրջանում տարակուսանք կա այն մասին, որ նա քաղաքապետ դառնալուց հետո եւս կարող է իր վաստակած գումարները տանել դուրս, ավելի կոնկրետ՝ Անապա՝ ներդրումներ անելով այնտեղ:
Ի դեպ, երեկ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը մեզ հայտնեց, որ օրերս Մուշեղ Պետոյանի հայրը՝ Թուրինջ Պետոյանը, որը Արթիկի ավագանու անդամ է, մտել է քաղաքապետարան ու մի քանի աշխատակիցների ասել, որ նրանք այլեւս սեպտեմբերից չեն աշխատելու քաղաքապետարանում: Նա նկատի է ունեցել, որ սեպտեմբերից իր որդին կլինի Արթիկի նոր քաղաքապետը, եւ իրենք են որոշելու՝ ում թողնել աշխատելու, ում՝ ոչ: