ԼԱՆՋԱԶԱՏՑԻՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԿՏՐՈՂՆ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱ՞ՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ խմելու ջրի խնդիր ունեն. նրանց խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է: Լանջազատցիների կարծիքով՝ պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ազգականներն են, որոնք գյուղ մտնող ողջ ջուրը օգտագործում են իրենց հիմնած այգիները ջրելու համար:

Գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Լանջազատում ամենառաջնային խնդիրը եղել եւ մնում է խմելու ջրի խնդիրը: Նրանք օրվա մեջ մի քանի ժամ ստիպված են լինում մնալ առանց խմելու ջրի: Լանջազատցիները հույսները կտրել են, որ իշխանությունները որեւէ քայլ կանեն խնդրին լուծում տալու համար, փոխարենը նախընտրում են առավոտյան շուտ արթնանալ, որ ջրի հերթում երկար չսպասեն: Բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գյուղը ոռոգման ջրի խնդիր եւս ունի:
Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ներկայացնելով խմելու ջրի հետ կապված խնդիրը, ասաց, որ այն առավոտյան ժամը 10.00-ին անջատվում է եւ երեկոյան ժամերին միայն միանում: «Գյուղում հողատարածքներ կան, որոնք անջրդի են: Խաղողի այգիներ ունեինք, որոնք չջրելու պատճառով հիմա չենք էլ մշակում: Ջրօգտագործման սեզոն է, եւ ջրի պահանջարկը շատ է: Ինչպես մյուս գյուղերը, այնպես էլ մենք ռեժիմով ենք ջուր ունենում: Մինչդեռ նախկինում մինեչեւ 24 ժամ ջուր ենք ունեցել: Հիմա չենք հարմարվում, դժվար է մեզ համար»,- ներկայացրեց գյուղապետը: Ըստ նրա՝ խմելու ջրի խնդիրը հատկապես նկատելի է ամռան ամիսներին, քանի որ այդ շրջանում ջրի պահանջարկը մեծանում է:
Ըստ լանջազատցիների՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանը, գյուղում այգիներ է հիմնել, ինչի հետեւանքով իրենց ջրամատակարարումը դարձել է անկանոն:
Իսկ, ահա, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացմամբ՝ այդ այգիները գտնվում են Գառնի եւ Լանջազատ համայնքների վարչական տարածքում, ունեն տարբեր սեփականատերեր եւ վերահսկվում են «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Տարածքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտում, ցանկապատված է, կան արգելափակոցներ, ցուցանակներ, որոնցում գրված է. «Տարածքը հսկվում է «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Որսը խստիվ արգելվում է»: Մինչ «Էկոլուր»-ը հայտարարում է, որ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը վերահսկում է այդ տարածքները, որտեղ այգիներ ունի նաեւ Զաքարյանը, լանջազատցի գյուղապետը հակառակն է պնդում՝ նշելով, որ Զաքարյանը կապ չունի բնապահպանական հիմնադրամի հետ:
Նշենք, որ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը հիմնադրվել է 2014 թվականի հունիսի 3-ին եւ իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը:
Լանջազատի գյուղապետ Հ. Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, լսելով համագյուղացիների բողոքները, թե խմելու ջրի խնդիրը ուղիղ կապ ունի Ի. Զաքարյանի եղբոր հիմնած այգիների հետ, խիստ զայրացավ: «Գնացե՛ք, էդ տարածքները տեսե՛ք ու կհամոզվեք, թե էդ մարդիկ ինչքան հայրենանվեր բան են արել: Ուղղակի վատ մարդիկ են, որոնք սեւ ակնոցով են նայում այդ ամենին եւ ուզում են ցեխ շպրտել: Այդ հող մշակողը Իշխան Զաքարյանի եղբայրն է՝ Աշոտ Զաքարյանը: Իսկ Իշխան Զաքարյանը կապ չունի այդ ամենի հետ: Այդ տարածքում են գտնվում իր հոր, եղբոր, հորեղբոր որդիների սեփականաշնորհումները, մարդիկ իրար են կպցրել ու ծառեր տնկել: Գնանք, ասենք՝ ծառ մի՞ տնկեք»,- վրդովված նկատեց Լանջազատի գյուղապետը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գյուղապետից խնդրեց օգնել կապ հաստատել Աշոտ Զաքարյանի հետ: Սակայն գյուղապետը հրաժարվեց՝ նշելով, որ կապ չունի նրա հետ:
Հավելենք, որ ՀՀ ՎՊ մամլո քարտուղար Արամ Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղացիների կասկածների վերաբերյալ հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը՝ որպես Լանջազատի նախկին բնակիչ, սեփականաշնորհման գործընթացի արդյունքում ստացել է գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի վրա արդեն իսկ առկա են եղել նախկինում հիմնված այգիներ: Այդ մասին նշված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Զաքարյանի ներկայացրած հայտարարագրում: Իսկ բնակիչների կողմից բարձրաձայնված անկանոն ջրամատակարարման մասով հայտարարեց, որ նման խնդիր չկա, եւ Զաքարյանների այգիները կապ չունեն այդ խնդրի հետ: Նկատենք, որ ՎՊ մամլո քարտուղարը պատասխանատվություն ստանձնեց ու հերքեց այն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
10 ԲՆԱԿԱՐԱՆ Է ՋՐԱԼՑՎԵԼ
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրեւների հետեւանքով ջրալցվել են:
Այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ ջուրը սելավատարների տարողությունից ավելի մեծ ծավալների է եղել, ինչի արդյունքում դուրս գալով` լցվել է տներն ու փողոցները:
«Ապարանը ցածրադիր վայրում է: Արագածից, Ծաղկունյաց լեռներից ջուրը գալիս, լցվում է էդ փոսի մեջ: Դիմել ենք Արագածոտնի մարզպետարանին, սակայն ջրերը քաշելու համար համապատասխան տեխնիկա չունեն: Այդ պատճառով դիմել ենք նաեւ փրկարարական ծառայությանը: Տեսնենք՝ կօգնեն, թե չէ»,-նշեց Գ. Աբրահամյանը:
Վնասների չափի մասին մեր զրուցակիցը չկարողացավ որեւէ հստակ բան նշել, քանի որ դեռ հաշվառում չի կատարվել: «Միայն կարող եմ ասել, որ բնակիչները լուրջ վնասներ են կրել, մոտավորապես 10 բնակարան է ջրալցվել»,- ամփոփեց Աբրահամյանը:

 

 

«ԿԵՂՏՈՏ ՁԵՌՔԵՐԻ» ՍԵԶՈՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների հետ համեմատած՝ մենք աղիքային հիվանդացության որեւէ արտառոց երեւույթ չունենք:
Նա նկատեց, որ երբ եղանակները տաքանում են, ավելանում է ինֆեկցիոն հիվանդությունների քանակը. «Բայց որ մեծ քանակով հիվանդներ ունենք՝ ոչ: Ամռանը Հայաստանում ընդունված է ավելի շատ կանաչեղեն, միրգ օգտագործելը, ու որոշ դեպքերում, մի քիչ անփութությունից, լավ չեն լվանում բանջարեղենը, կանաչեղենը, լավ չեն պահպանում սննդամթերքը, դա էլ բերում է նրան, որ աղիքային խնդիրներով հիվանդները շատանում են»,-ավելացրեց Մ. Շմավոնյանը:
Նա նշեց, որ իրենք բոլոր հիվանդներին խորհուրդ են տալիս ձեռքերը լավ լվանալ եւ պատրաստված սնունդը շուտ օգտագործել: Վարակաբանի խոսքով՝ աղիքային վարակները կոչում են նաեւ «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, քանի որ հիմնականում սնունդը մաքուր ձեռքերով չեն պատրաստում: Նա նշեց, որ հիմա օրվա մեջ 1-2 մեծահասակ հիվանդներ են ունենում, իսկ երեխաների քանակը մի փոքր ավելի շատ է, քանի որ նրանք ավելի զգայուն են հիվանդությունների նկատմամբ: «Ունեինք մի հիվանդ, որը կերել էր ծիրան ու ասաց, որ մի երկու հատն էլ կերել է առանց լվանալու»,-նշեց Մ. Շմավոնյանը:
Մասնագետը նորից շեշտեց, որ պետք է այս շոգ եղանակին ուտել թեթեւ սնունդ, շատ հեղուկներ օգտագործել, խուսափել երշիկեղենից եւ ապխտած մսից: Մ. Շմավոնյանը նաեւ հայտնեց, որ վարակների դեպքում հիվանդի մոտ հնարավոր է նախ լինի ջերմություն եւ թուլություն, հետո փսխում եւ լուծ՝ խորհուրդ տալով նման դեպքերում դիմել բժշկի:

 

 
19 ՏՈՒԺՈՂ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Աբխազիայում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի հետեւանքով 19 մարդ է տուժել, նրանց մի մասն ստացել է հրազենային վնասվածք: Այս մասին հայտնել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարար Անձոր Գոովը: Սուխումում ընդդիմության միտինգը նախօրեին վերաճել էր զանգվածային անկարգությունների, ցուցարարները փորձել էին գրոհով վերցնել ՆԳՆ-ի շենքը: Ակտիվիստները պահանջել են Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայից երկրի ղեկավարի՝ հուլիսի 10-ին կայանալիք արտահերթ ընտրությունները տեղափոխել աշուն, ինչպես նաեւ աշխատանքից ազատել երկրի ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյայպշբային երկրում ստեղծված կրիմինալ իրավիճակի պատճառով:
Աբխազիայի նախագահ Ռ. Խաջիմբան բողոքի ակցիան անվանել է երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձ, սակայն հրաման է ստորագրել ՆԳՆ ղեկավարին պաշտոնից ազատելու մասին, մինչ կընթանան ստուգումներ: «Գիշերը ընդհանուր առմամբ 19 մարդ է ընդունվել հիվանդանոց: Բոլորին առաջին օգնություն է ցուցաբերվել: Ներկայում հիվանդանոցում է գտնվում 7 մարդ, նրանց վիճակը կայուն է: Նրանց թվում կան հրազենային վնասվածքներ ստացածներ, գլխուղեղի ցնցումներ, կոտրվածքներ ունեցողներ»,- հայտնել է Աբխազիայի առողջապահության նախարարը:

 

 

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է
Նավթի գինը շարունակում է նվազել, քանի որ շուկայում պահպանվում են մտավախությունները, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը (Brexit) կհանգեցնի հումքի շուկայում պահանջարկի նվազման:
Առավոտյան Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 0,33%-ով՝ մինչեւ 1 բարելի դիմաց 47,80 դոլար, WTI ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գները նվազել են 0,47%-ով՝ մինչեւ 1 բարելի դիմաց 46,38 դոլար: Ավելացնենք, որ նավթի արժեքի վրա ազդում է նաեւ դոլարի ամրապնդումը:

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը, փոխանցում է ԱՊԱ-ն: «Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք կոչված են կարգավորել հակամարտությունը: Թուրքիան մինչեւ վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակը, որը պատասխանում է Ադրբեջանի շահերին, եւ որը նա ճիշտ կհամարի»,-ասել է նա: Թուրք դեսպանի խոսքով՝ Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում մինչեւ վերջ կաջակցի Ադրբեջանին:




Լրահոս