Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանում, Պյատիգորսկից Ստեփանակերտ ուղեւորվող ուղեւորատար ավտոբուսի վարորդը մահացել է:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսի վարորդը Ստեփանակերտի բնակիչ 38-ամյա Աստետ Մակարյանը կանգնած է եղել սահմանին գոյացած 4 կիլոմետրանոց խցանման մեջ: Շոգին երկար սպասելուց նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նա մահացել է: Մահվան հստակ պատճառները ճշտվում են: Ըստ նախնական տվյալների, Մակարյանի սիրտն է վատացել:
Ռուսաստանը եւ Վրաստանը միացնող սահմանին սողանքների հետեւանքով հունիսի վերջերից սկսած ճանապարհը պարբերաբար փակվում է, ինչն էլ խցանումների պատճառ է դառնում: Երբեմն մարդիկ ստիպված են լինում սպասել ավելի քան 12 ժամ:
ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով, այժմ տարածաշրջանում բարձր ջերմային ռեժիմ է պահպանվում: Ջերմաստիճանն արեւի տակ կարող է հասնել ավելի քան 50ºC-ի: