«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին:
Այսօր արդեն «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ են արձակել ևս երկու պատանդ ոստիկանների: Ինչ վերաբերում է պատանդ պահվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, ապա նրանք ազատ կարձակվեն այն դեպքում, երբ կատարվի մամուլի կետ բացելու զինյալների պահանջը:
ArmLur.am-ի այն հարցին, թե արդյոք չեք վախենում, որ այդ պարագայում կարող է գրոհ լինել իրենց վրա, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ դրա հավանականությունը միշտ էլ կա, բայց իրենք ունեն ինքնաբուխ ժողովրդական շարժում: «Չնայած հայտնվել են այդ շարժումը յուրացնելու փորձեր կատարողներ, բայց այդ ինքնաբուխ շարժումը առաջացել է մեր գործողությունների շնորհիվ: Մենք մեր ժողովրդի հետ կգնանք կհասնենք մեր նպատակակետին: Եթե հիմա փորձեն մի կաթիլ արյուն հեղել, ուրեմն սա կլինի Սերժ Սարգսյանի մարդասիրական վախճանը», հավելեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջն է Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: