Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ-ն երեկ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստ էր հրավիրել: Նիստը սկսվեց ժամը 18:30-ին եւ ավարտվեց 21:20-ին: Գրեթե 3 ժամ տեւած փակ նիստից հետո ՀՀԿ-ականները շատ անտրամադիր հեռացան ու հրաժարվեցին որեւէ բառ ասել: Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նիստի ընթացքում հիմնականում քննարկել են 2014թ. բյուջեի նախագիծը: Նա նաեւ հավաստիացրեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել:
Նախ՝ տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որից մեկ ժամ հետո կայացավ նաեւ խորհրդի նիստը: Իսկ մինչ այդ ողջ ՀՀԿ-ական «էլիտան» աճապարում էր Մելիք Ադամյան փողոց՝ ՀՀԿ գրասենյակ: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր, թե ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ-ում, ու գլխավոր «հերոսները» շտապում են այդ խնդրին լուծում տալ: Բոլորը, իրենց շքեղ մեքենաներից իջնելով, գրեթե վազելով մտնում էին ՀՀԿ գրասենյակ: Միայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գեւորգյանը, բարեւեց, մի քանի բառ փոխանակեց լրագրողների հետ ու հեռացավ:
Երեք ժամ տեւած նիստի ավարտից հետո ՀՀԿ-ականները գրասենյակից դուրս եկան շատ լուրջ դեմքերով` որեւէ բառ չասելով այն մասին, թե ինչ հարց են քննարկել ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Ակնհայտ երեւում էր, որ անտրամադիր էր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որը ոչ մի կերպ չցանկացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին: Մինչդեռ նկատենք, որ սովորաբար Շահգալդյանը նիստերի ավարտից հետո իր հեղինակավոր կարծիքն է արտահայտում տեղի ունեցածի մասին: Թերեւս պատճառն այն էր, որ արդեն լուծվել էր Կ. Շահգալդյանի հետագա պաշտոնավարման հարցը, ինչի արդյունքում էլ նա երեկ այդքան անտրամադիր էր: Լրագրողների հետ շփումից խուսափեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը բոլորից առանձին եկավ, մասնակցեց նիստին ու արագ հեռացավ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ականների շրջանում իսկապես լուրջ դժգոհություն կա 2014թ. բյուջեի նախագծից, ու նրանք այդ մասին բարձրաձայնել են նիստի ժամանակ: Մեր տեղեկություններով՝ հատկապես դժգոհել են ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, քանի որ այս աղքատիկ բյուջեից այդքան էլ մեծ գումարներ չեն տրամադրվելու` իրենց ընտրատարածքներում աշխատանք կատարելու համար: Նիստի ընթացքում նաեւ դժգոհություններ են հնչել` կապված աշխատավարձերի հետ, նշվել է, որ այս բյուջեով կրկին իրենց լուծումը չեն ստանալու կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրները:
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվել է երեք հարց՝ պետական ծառայությունների վարձատրության օրինագիծը, պետբյուջեի 2014թ. նախագիծը, ինչպես նաեւ Մաքսային միությանն անդամագրվելու եւ Եվրամիության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցը: Էդ. Շարմազանովը հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխող կուսակցությունը կարծում է, որ ՄՄ-ի եւ եվրոպական կառույցների հետ համագործակցությունը փոխլրացնող գործընթաց է. «Ի սկզբանե այդ կարծիքին ենք եղել, պատահական չէ նաեւ, որ եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե Եվրամիության դռները բաց են եղել եւ բաց կմնան Հայաստանի համար: Մենք պատրաստ ենք շարունակել այն քաղաքական բարեփոխումները, որ սկսել ենք»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք նիստի ժամանակ քննարկել են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման հարցը, Շարմազանովը պատասխանեց, թե նման քննարկում ՀՀԿ-ում չի եղել: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ում լուրջ դժգոհություններ կան 2014թ. բյուջեի նախագծից, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց, թե այդ բյուջեն իրենց երազանքների բյուջեն չէ, բայց իրատեսական է. «Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե»: Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը եւ այն հարցին, թե հնարավոր է, որ, օրինակ, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը եւ նախարարները հրաժարվեն աշխատավարձերի բարձրացումից, եւ այդպիսով վերանայվի օրենքը, Շարմազանովն ասաց. «Ես դա իրատեսական չեմ համարում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները միայն տասը տոկոսն են: Օրենքը տարածվում է շուրջ 270 հազար պաշտոնյայի վրա, որոնց 90 տոկոսն ուսուցիչներ են, առողջապահական ոլորտի աշխատողներ են, ուժային կառույցների աշխատողներ են, պայմանագրային զինծառայողներ են, ովքեր օրուգիշեր ծառայում են մեր երկրին: Բարձրացումը դրական միտում է երկրում աղքատության դեմ պայքարում»:
ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ 3 ԺԱՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ 2014Թ. ԲՅՈՒՋԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ