ԱՐՄԱՎԻՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԱՆԿԱՆՈՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոց փողոցի բնակիչներից դժգոհություններ է ստանում՝ կապված խմելու ջրի խնդրի հետ: Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկը՝ Կիմա Մկրտչյանը, փոխանցեց, որ մոտ 150 բնակչի ջրամատակարարումը 3 ամիս է, ինչ անկանոն է: Տեղեկացնենք, որ նշված փողոցի բնակիչների ջրամատակարարման աշխատանքները ապահովում է «Նոր Ակունք» ՓԲԸ-ն:

«Ջուրը միացնում են գիշերվա ժամը 02.00-ի սահմաններում, իսկ մինչ այդ ջուր չենք ունենում: Ես նորածին երեխա ունեմ, եւ հասկանալի է, որ խմելու ջրի խնդիրը ինձ համար մեծ անհարմարություններ կառաջացնի: Ստիպված վաղ առավոտյան գրամ-գրամ ջուր եմ հավաքում, որ իմ երեխայի համար կաթ պատրաստեմ: Այն էլ՝ պետք է վաղ առավոտ արթնանաս, որպեսզի կարողանաս գոնե մեկ սուրճի բաժակ ջուր հավաքես»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 63 տան բնակչուհի Սյուզին:
Նորածին երեխայի մայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը երեկ՝ առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, քնից արթնացել է ու նկատել, որ ջուր չի եղել: «Բացի այս, եթե երկար ժամանակով ջուրն անջատում են, ապա միացնելուց հետո խմելու ջրի որակն այն չի լինում, ժանգոտ է գալիս: Միեւնույն է՝ անընդհատ ջրի խնդիրը կա: Ախր, որ ասեմ՝ պարտք ենք, այդպես չէ: Ոչ մի պարտք չունենք, յուրաքանչյուր ամիս մուծումներն անում ենք»,- փոխանցեց Սյուզին:
Մյուս բնակչուհին՝ Լիլին, մեզ հայտնեց, որ բնակիչները խմելու ջրի խնդրի շուրջ փորձել են պարզաբանում ստանալ նաեւ ընկերության աշխատակիցներից, սակայն վերջիններս բնակիչներին պատասխանել են, որ «այսպես պետք է լինի մինչեւ սեպտեմբեր»: «Ասում են, որ այլընտրանք չկա: Բայց մեր խմելու ջուրը օգտագործում են բոստանչիները: Մեր փողոցի վերեւի մասում սեփական տներ են, որոնք ունեն նաեւ հողամասեր, եւ իրենք մեր խմելու ջրով ոռոգում են իրենց հողամասերը»,- պատմեց Լիլին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ խմելու ջրի խնդրի շուրջ Մաշտոցի փողոցի մոտ 150 բնակիչ դիմում է գրել՝ ուղղված Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: «Այս հարցով արդեն մի քանի անգամ դիմել ենք նրան. կարճ ժամանակով ջուրը միացնում են, հետո օրեր է անցնում ու նորից նույն պատկերն է»,- նկատեց Լիլին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Թորոսյանի հետ: Սակայն վերջինս լսելով բնակիչների դժգոհությունները՝ զայրացավ. «Կատեգորիկ ճիշտ չեն ասում բնակիչները: Մաշտոցի փողոցի ջրամատակարարումը կանոնավոր է իրականացվում: Իմ հեռախոսահամարը քաղաքի բոլոր բնակիչները գիտեն, եւ եթե որեւէ մեկը զանգահարում է ու տեղեկացնում, որ խնդիր կա, ապա ես անմիջապես դրա լուծմանը ընթացք եմ տալիս: Նման բան չկա»,-հավաստիացրեց ջրամատակարարման պատասխանատուն: Նրա խոսքով՝ Մաշտոցի փողոցի բնակիչներից այս ընթացքում ընդամենը մեկ հոգի է իրեն զանգահարել եւ դժգոհել, չնայած որ դրա իրավունքը որպես բաժանորդ չի ունեցել: «Ընկերությունը աշխատակիցներ ունի, որոնք ապրում են Մաշտոցի փողոցում, եթե խնդիր լիներ, ապա մենք վաղուց տեղյակ կլինեինք»,- արդարացավ Թորոսյանը:
Իսկ ինչ վերաբերում է բնակիչների այն դժգոհությանը, որ Մաշտոց փողոցի վերեւի մասում հողամասերը ոռոգվում են իրենց խմելու ջրի հաշվին, Թորոսյանն ասաց. «Կարող է եւ լինի, բայց հիմա ջրում են կամ չեն ջրում, դա մեդալի մյուս երեսն է: Ջուր կա կամ չկա, մենք այս մասին ենք խոսում: Առանձին օրեր գուցե մի քանի ժամով վթարային անջատման դեպքում նման խնդիրներ որոշակի թաղամասերում առաջանան, բայց ոչ Մաշտոցի փողոցում: Քաղաքում բարձրադիր տարածքներ կան, եւ եթե այդտեղից բողոքներ լինեին, ես լուռ կմնայի, կընդունեի եւ Ձեզ կբացատրեի, թե ինչու է այդտեղ օրվա որոշակի ժամերին նման խնդիր առաջացել»:
Ամեն դեպքում՝ Մաշտոցի փողոցի 63 տան բնակչի բողոքների հետ կապված ընկերության տնօրենը «Ժողովուրդ»-ին խոստացավ, որ ինքը հատուկ կայցելի եւ կպարզի, թե ինչն է խնդիրը: Հարցին՝ եթե Մաշտոցի փողոցի բնակիչները խմելու ջրի խնդիր չունեն, ապա ինչու են տեւական ժամանակ դժգոհում, Թորոսյանը պատասխանեց. «Ես ծախսել եմ մի քանի միլիոն դրամ, ձեռք եմ բերել նոր պոմպ, որ ընդհանրապես ջրի խնդիր չառաջանա: Բայց հնարավոր է, որ էլեկտրամատակարարումը դադարեցվի, եւ քանի որ մենք էլեկտրաէներգիայով ենք աշխատում, ջուրն էլ է անջատվում: Չէ որ մենք հոսանքով ենք աշխատում: Եթե այդ վթարային դեպքերը բացառենք, ապա ջրամատակարարումը կանոնավոր է իրականացվում»: Ընկերության տնօրենից տեղեկացանք նաեւ, որ ամռան ամիսների ջրամատակարարումը ընկերությունը իրականացնում է 5 պոմպի միջոցով, իսկ ձմռանը՝ 2-ով: «Բացի այս՝ ամառը իր հետ բերում է ամառային խնդիրներ. միանգամից ջրի գերսպառում, մարդիկ շոգում են, մի քիչ ավելի շատ են օգտագործում, դրա համար էլ մենք ունենք 5 պոմպ: Պատկերացրեք, որ մենք դրա համար լրացուցիչ էլեկտրաէներգիա ենք ծախսում, լրացուցիչ ծախսեր ենք կատարում, որպեսզի ապահովենք բնակիչներին ջրով: Ստացվում է, որ մենք 2.5 անգամ ավել միջոցներ ենք ծախսում, որպեսզի ջրամատակարարումը ապահովենք»,- պարզաբանեց ընկերության տնօրենը:
Հ.Գ. Ավելի ուշ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի տնօրեն Արտավազդ Թորոսյանը զանգահարեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ տեղեկացրեց, որ Մաշտոցի փողոցի տ. 63-ի բնակիչների ջրամատակարարումը կանոնավոր է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ՍԱՍ»-ՈՒՄ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում եւ իրացման ցանցում:
Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ աղցանների որոշ տեսականիներ, ինչպես նաեւ 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանիրը ոսկեգույն ստաֆիլակոկ եւ ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով եւ 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները եւ տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ 2016թ. օգոստոսի 15-ը:
Հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն կիրականացվի նաեւ խախտումներ ունեցող չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ 128-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
2016թ. Բազելյան ինստիտուտի կողմից հրապարակվել է երկրների փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի մակարդակի գնահատականը, որի արդյունքում դիտարկված 149 երկրների շարքում Հայաստանը գնահատվել է որպես ցածր ռիսկային երկիր՝ 8 կետով բարելավելով նախկին արդյունքը եւ զբաղեցնելով 128-րդ հորիզոնականը (նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 120-րդ հորիզոնականը):
Երկրների ռիսկը գնահատվում է՝ ելնելով ՖԱԹՖ հանձնարարականներին համապատասխանության, ֆինանսական կարգավորման, կոռուպցիայի եւ օրենքի գերակայության մակարդակներից՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի, «Թրանսփարենսի ինթերնեյշնլի», Համաշխարհային բանկի եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի հանրամատչելի տվյալները:
Գնահատականի վրա էական ազդեցություն է ունեցել 2015թ. Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից իրականացված ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման Հաշվետվության արդյունքները, որով Հայաստանն արձանագրել էր ՖԱԹՖ վերանայված հանձնարարականներին տեխնիկական համապատասխանության եւ արդյունավետության բարձր մակարդակ:

 

 
ԱՐԳԵԼՔ՝ «Volkswagen»-ԻՆ
Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են «Audi Volkswagen Korea» ընկերության մեքենաների վաճառքը: Ընկերությանն ավելի վաղ մեղադրել էին արտանետված գազերի թեստերի արդյունքները կեղծելու համար: Բացի այդ՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարությունը «Volkswagen»-ին տուգանել է 16 մլն դոլարով՝ Հարավային Կորեայում 47 մոդելներում արտանետումների եւ աղմուկի ցուցանիշի կեղծման համար եւ հետ կանչել երկրում արդեն վաճառված 83 հազար մեքենաների իրացման թույլտվությունը: Խոսքը 2009 թվականից մինչեւ այս տարվա հուլիսի 25-ը վաճառված 80 մոդելների մասին է:
Այսպիսով՝ ներառյալ ավելի վաղ ընդունված միջոցառումները, Հարավային Կորեայում հետկանչի թույլտվությունը տարածվել է 2007թ. վաճառված 300 հազար մեքենաներից 209 հազարի վրա:

 

 

ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ
ԵՄ-ն Իսպանիային կարող է տուգանել 6.1 մլրդ եվրոյով՝ կապված բյուջեի դեֆիցիտի հետ. հայտնում է El Mundo թերթը, որի տվյալներով՝ տուգանքից խուսափելու համար մինչեւ հոկտեմբերի 15-ը Մադրիդը պետք է Բրյուսելին ներկայացնի ծախսերի ու եկամուտների բյուջետային պլան: Նշվում է նաեւ, որ այդ պլանը հնարավոր է համաձայնեցնել այն դեպքում, եթե սեպտեմբերին Պիրենեյան Թագավորությունում արդեն ձեւավորվի կառավարություն: Այդուհանդերձ, Իսպանիայում քաղաքական ուժերին արդեն ավելի քան 7ամիս չի հաջողվում համաձայնության գալ կաբինետի ձեւավորման շուրջ:
2015թ. Իսպանիայի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 5 տոկոս:
ԵՄ խորհուրդը էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով հուլիսի 12-ին կողմ է քվեարկել Իսպանիայի եւ Պորտուգալիայի դեմ ֆինանսական պատժամիջոցների աջակցմանը՝ 2014-15թթ. բյուջեի դեֆիցիտի սահմանափակմանն ուղղված անբավարար ջանքերի համար: Եվրահանձնաժողովն առաջարկել է երկու երկրներին հավելյալ ժամանակ տալ իրավիճակի շտկման համար, Պորտուգալիային՝ մինչեւ տարեվերջ, Իսպանիային՝ մինչեւ 2018թ.: Նշենք, որ երկու երկրների համար արդյունավետ միջոցառումների ընդունման վերջին ժամկետը հոկտեմբերի 15-ն է:




Լրահոս