ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն այս պահին Ազգային ժողովում է: Այսօր նա կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և կպատասխանի նրանց հարցերին:
Հավելենք, որ դեռևս օգոստոսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով այս թեմային, հայտնել էր, թե ովքեր են գլխավոր դատախազի հավանական թեկնածուները:
Օրաթերթը, մասնավորապես, նշել էր. «ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուներ. մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը»:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա չեն լինելու ԲՀԿ խմբակցության անդամները, քանի որ նրանք գնացել են Վանաձոր` ծանոթանալու «Վանաձոր-քիմպրոմ»-ում առկա խնդիրներին:
Հիշեցնենք, որ այստեղ աշխատակիցների աշխատավարձերը տևական ժամանակ է` չեն վճարվում: