Գյումրիում ընտրապայքարից դուրս են եկել ավագանու 9 թեկնածուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում շարունակվում է ավագանու անդամության համար պայքարող կուսակցությունների քարոզարշավը:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 կուսակցությունները և 1 դաշինքն այս ընթացքում փորձում են գյումրեցիներին ներկայացնել իրենց ծրագրերը:

Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը 24:00: Արդեն տեղի են ունեցել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդրանիկ նիստերը, որոնց ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն տվել են իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու համաձայնությունը՝ ստորագրությամբ վավերացված: Ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները: Մինչև հոկտեմբերի 1-ը տեղամասային ընտրական հանձնաժողովներն աշխատանքն են տանում ընտրացուցակների մասով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է նաև ինքաբացարկների մասին դիմումները՝ ընտրությունից դեռ 10 օր առաջ թեկնածուները կարող են հայտարարել ինքնաբացարկ և կուսակցության ընտրացուցակից դուրս գալու վերաբերյալ:

Ընտրապայքարից դուրս գալու մասին արդեն դիմում է ներկայացրել 9 թեկնածու ՝ 3-ը «Բալասնայան դաշինք»-ից, նույնքան թեկնածու նաև «Հայկական վերծնունդ», 2-ը ԲՀԿ- ցուցակից և 1-ը «Ալյանս» կուսակցությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների գործընթացը կանոնակարգող թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդիկ Բաղրամյանը, ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուները տվյալ կուսակցության այսպես կոչված «անցողիկ» տեղերում չեն, այլ վերջին համարներն են:

ԸԸՀ նախագահի համոզմամբ՝ նրանք հրաժարվել են պայքարից հիմնականում ընտանեկան կամ կենցաղային այլ խնդիրների պատճառով:




Լրահոս