Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր, մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետին:
Մինչ հարցը հնչեցնելը Ուրիխանյանն ասաց, որ Էդուարդ Շարմազանովի՝ իրեն ուղղված ներողությունը ընդունել է ի գիտություն և ցավում է, որ Շարմազանովն այդ ներողությունը հրապարակավ հնչեցնելու համարձակություն չունեցավ: Դրանից հետո պատգամավորը խոսեց մի կայքի մասին, որը սկանդալային վերնագրերով նյութեր է տեղադրում, սկանդալային բովանդակությամբ նյութեր տպագրում:
Նա ընթերցեց այդ կայքի վերնագրերից մի քանիսը. «Նախարարը անդաստիարակ է», այսինքն` քաղաքական գործիչը դիվերսանտ է, «Նախկին նախագահը կործանեց Ղարաբաղը», գործող պատգամավորներից երկուսի մասին գրված է, որ մեկը բռնաբարել է մյուսին, գործող նախարարներից մեկի մասին գրված է, որ նա միասեռական է, ԱԺ փոխխոսնակներից մեկի մասին էլ, որ նա բութ է ու շատակեր, իսկ գործող վարչապետի մասին, որ նա ենթականերից պահանջում է գողանալ: Պատգամավորը տարակուսեց` ինչո՞ւ է նման կայքի խմբագրին վարկ տրվել, որն այդ խմբագիրը չի էլ վերադարձրել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ պատգամավորը կարող է հարցը գրավոր ուղարկել կառավարություն: