Դեռեւս 2001 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի պատմության մեջ գրանցվեց առաջին եւ մինչ օրս միակ նախադեպը՝ բացակայության պատճառով դադարեցվեցին պատգամավորի լիազորությունները: Այդ պատգամավորը Վանո Սիրադեղյանն էր. նա Հայաստանից անհետացավ 2000թ.-ից, իսկ լիազորությունները դադարեցվեցին 2001-ին:
Իսկ ինչպիսին է իրավիճակն այսօր. ովքեր են անպարտաճանաչ եւ պարտաճանաչ պատգամավորները: Նախ հարկ ենք համարում նշել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրվել է 6 քառօրյա եւ 3 արտահերթ նիստ: Նստաշրջանի ավարտից հետո գումարվել է եւս 2 արտահերթ նստաշրջան. բոլոր արտահերթերի նախաձեռնությունը եղել է կառավարությանը: Ընդունվել է 112 օրենք, որոնցից 6-ը «մայր» օրենքներ են, 106-ը՝ փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից միայն 5-ի հեղինակն են ԱԺ պատգամավորները, 107-ի հեղինակը կառավարությունն է:
Եւ այսպես՝ հասկանալու համար՝ կարեւոր եւ առաջնային օրենսդրական փոփոխություններին պատգամավորների ներգրավվածությունը պատշաճ է, թե ոչ, փորձենք ներկայացնել թվային տվյալներ:
Ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ինչպես նախորդ նստաշրջաններին, այս՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանին եւս առաջատար դիրքերում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Սակայն այս անգամ ԲՀԿ նախկին առաջնորդը մրցակից ունի: Ըստ parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալների՝ Ծառուկյանի հետ նույն արդյունքը` 110 բացակայություն 110 քվեարկությունից, գրանցել է նաեւ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Նստաշրջանի ընթացքում նրանք չեն մասնակցել որեւէ նիստի: 105 անգամ քվեարկություններից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ` հանրապետական Արթուր Գեւորգյանը:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայությունները հաշվառում է ԱԺ աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի է համարում ԱԺ նախագահը: Այսինքն՝ ԱԺ նախագահի լիակատար հայեցողությանն է թողնված՝ հարգելի համարե՞լ պատգամավորի բացակայությունը, թե՞ ոչ:
Իհարկե, կանոնակարգ-օրենքում մի քանի արձանագրումներ կան, թե որ դեպքերում է բացակայությունը համարվում հարգելի, օրինակ՝ գործուղում, ժամանակավոր անաշխատունակություն, հրապարակային հայտարարություն՝ տվյալ քվեարկությանը չմասնակցելու մասին: Բացակա պատգամավորների թոփ 10-ում ընդգրկված պատգամավորների մի մասը, կարծես թե, այդքան գործուղումների մեջ չի եղել ու ոչ էլ հայտարարություն է արել՝ քվեարկությանը չմասնակցելու մասին: Երեւի թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկ են ներկայացրել: Խորհրդարանից, ինչպես հայտնի է, երբեք մամուլին չեն տրամադրել պատգամավորների բացակայությունների հիմքերը եւ բոլոր հարցումներին՝ այդ ի՞նչ երկարատեւ ու քրոնիկ հիվանդություններով են տառապում բացակայածները, հնչել է նույն պատասխանը. «Դա հրապարակման ենթակա չէ»: Ի լրումն գործող կանոնակարգի 6-րդ հոդվածը թույլ է տալիս բացակա պատգամավորների հարցով դիմել էթիկայի հանձնաժողով, բայց փորձը ցույց է տալիս, որ որեւէ պատգամավորի հարցով հանձնաժողովում դիմում չի ստացվել: Դե ինչ, մնում է հենվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարեխիղճ եւ արդար որոշումների վրա:
Օրենքն անտեսող եւ խորհրդարանի երեսը չտեսած օրենսդիրներից անցում կատարենք «ամենակողմ»-երի հիթ-շքերթին: Ըստ հրապարակված տվյալների՝ 7-րդ նստաշրջանում, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է: Այս խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ու Ալեքսան Պետրոսյանը կողմ են քվեարկել բառացիորեն բոլոր նախագծերին: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ խմբակցությունը՝ «Ժառանգությունը»: Ձեռնպահ քվեարկողների հիթ-շքերթը գլխավորում է ՕԵԿ-ը (նախորդում ՀՅԴ-ն էր): Իսկ ԲՀԿ-ն առաջատար է բացակայածների եւ չքվեարկածների թվում:
«Ամենա»-ների թոփն անվերջ կարելի է թվարկել, խնդիրն այստեղ այն է, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին սույն անձինք եւ ինչ աչքերով են նայում իրենց ընտրողներին: Թերեւս միակ պատճառն անպատժելիության մթնոլորտն է, որն էլ իր հերթին ամենաթողության հետեւանքն է:
Հ.Գ. 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո Սերժ Սարգսյանը, խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության մասին, ասել էր. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:
Դրանից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարեց ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը պետք է որոշում կայացներ: Բացի այդ՝ ԱԺ նախագահը հանձնարարել էր աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները:
Ուսումնասիրությունների արդյունքները, սակայն, հայտնի չեն մինչ օրս: Համենայնդեպս, առ այսօր Գագիկ Ծառուկյանի մանդատը պահպանվում է, իսկ «ծույլիկ» պատգամավորների թիվը գնալով շատանում է: Թերեւս, եթե օրենսդիրի ներկայացուցիչներն ավելի լուրջ վերաբերվեին իրենց գործին եւ ըստ էության գնահատեին դրա կարեւորությունը, իրավիճակն այս աստիճան ողբերգական չէր լինի: Եվ մեկ-երկու պատգամավորի լիազորություններից զրկելը, անկասկած, կսթափեցներ մյուս անպարտաճանաչներին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԵՄ «ԴԵՐԺԱՎԱՅԻ ԱՐԿԱԴԻԻ»
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի հոկտեմբերի 31-ին գրել էր, որ հունիսի 17-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի:
Վարչական շրջանի ղեկավարը դատարանից պահանջում էր ընկերությունից գանձել 2 մլն 831 հազար դրամ` որպես աղբահանության համար չվճարված գումար: Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է:
Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ պատասխանողին պատկանող ք. Երեւան, Հաղթանակի 1 փ., 1/1 շին. հասցեում գտնվող 8986.1 քմ մակերեսով տարածքի աղբահանության համար չվճարված պարտադիր գանձույթի գումարը կազմում է 2 միլիոն 821 հազար 645 դրամ:
Արդյունքում, ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով, հայցվորը խնդրել է պատասխանողից հօգուտ Երեւան համայնքի, բռնագանձել աղբահանության համար չվճարված գումարը եւ նախապես վճարված պետական տուրքի գումարը: Նկատենք, որ չնայած հայցվորը, ի դեմս ՀՀԿ-ական փեսայի, ներկայացրել է հիմնավորում, սակայն «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն այդպես էլ դատարանում որեւէ պատասխան կամ ներկայացուցիչ չի ուղարկել: Սակայն այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ չնայած 2015 թվականի հուլիսի 22-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի դատարանը հայցն ընդունել է վարույթ, այնուամենայնիվ, 4 ամիս անց իրավիճակ է փոխվել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայցվորի ներկայացուցիչը 2015 նոյեմբերի 11-ին դատարան է մուտքագրել դիմում, որով նշել է, որ հրաժարվում է հայցից եւ խնդրել գործի վարույթը կարճել: Ինչու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը հետ կանգնեց իր միլիոնները վերադարձնելու մտքից:
Թերեւս սա երկու պատճառ կարող էր ունենալ. կա՛մ «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն գումարը վճարել է համայնքի բյուջեին, կա՛մ էլ որոշվել է ՀՀԿ-ականներով հարցը կարգավորել եւ մարել պարտք ու պահանջի թեման:
Նկատենք, որ եթե մի քաղաքացի լիներ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին փաստացի պատկանող ընկերության փոխարեն, դժվար թե վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը համաձայներ ներել նրան` առանց վճարելու:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշանակվել է Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
ՄՏԱՀՈԳՎԱԾ
ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: «Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաեւ հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետեւանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին եւ հարազատներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում: Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնել էր, որ երեկ՝ վաղ առավոտից, ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ եւ Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Գանձասարի» տվյալներով՝ Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ եւ 7 վիրավոր:
ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության եւ պատրաստականության, շտաբների պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ: Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության եւ պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ:
ԱԶԱՏՎԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխությունները շարունակվում են: Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ֆինանսների փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Բարսեղյանը: