Հայաստանի պետական պարտքն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 5 միլիարդ 594 միլիոն 900 հազար դոլարի ցուցանիշին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է ուղիղ 100 միլիոն դոլարի չափով:
Նշենք, որ վերջին երեք ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 249 միլիոն 700 հազար դոլարով, իսկ այս տարվա ինն ամիսների կտրվածքով պետական պարտքը աճել է ավելի քան կես միլիարդով՝ 517 միլիոն 200 հազար դոլարով:
Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին: Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի արտաքին պետական պարտքը աճել է 274 միլիոն 300 հազար դոլարով:
Հայաստանի ներքին պետական պարտքը, որը գոյանում է պետական պարտատոմսերի թողարկումից, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիարդ 4 միլիոն 400 հազար դոլար: Այս տարվա անցած ինն ամիսներին Հայաստանի ներքին պետական պարտքն աճել է 242 միլիոն 900 հազար դոլարով: Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի նոր ձեռք բերած պետական պարտքից 177 միլիարդ 500 միլիոն դրամն ուղղվել է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այսինքն՝ ստացվում է, որ նոր ձեւավորված պետական պարտքի մոտ 375 միլիոն դոլարը ծախսվել է պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեում գումար չի եղել նախատեսված ծախսերը հոգալու համար, ՀՀ կառավարությունն անհրաժեշտ գումարները հայթայթել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելով եւ պետական պարտատոմսեր թողարկելով: Ի դեպ, միայն վերջին մեկ ամսում՝ սեպտեմբերին, պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար նոր վերցված պարտքերից հատկացվել է 43 միլիարդ 800 միլիոն դրամ:
Այսինքն՝ ստացվում է, որ սեպտեմբերին ձեւավորված նոր՝ 100 միլիոն դոլարի պետական պարտքից 92 միլիոնը ծախսվել է պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար: Սա նշանակում է, որ Հայաստանը սկսել է ամբողջությամբ պարտքով ապրել: Ի դեպ, նախկինում վերցված վարկային միջոցների տոկոսավճարների համար անցած ինն ամիսներին պետական բյուջեից հատկացվել է 73 միլիարդ 300 միլիոն դրամ: Ստացվում է, որ պետական պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվող գումարները գնալով ավելանում են: Բավական է նշել, որ տոկոսավճարների համար հատկացված գումարը կազմում է այս տարվա ութ ամիսների համար պետական բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսերի մոտ տասը տոկոսը:
Ընթացիկ ամսում եւս ՀՀ կառավարությունը ծրագրում է պետական պարտքը շեշտակի ավելացնել: Միայն նոր պետական պարտատոմսեր տեղաբաշխելով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական ներքին պարտքն ավելացնել 29 միլիարդ 710 միլիոն դրամով: Իսկ թե միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցված վարկերը որքան կկազմեն, պարզ կդառնա հոկտեմբերի արդյունքներն ամփոփելուց հետո:
Իհարկե, ինքնին պետական պարտքի ավելացումը վատ բան չէ, եթե արդյունքում այդ միջոցները այնպես են ծախսվում, որ նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը, այսինքն՝ վերջնաարդյունքում դրանց շնորհիվ ավելանում են պետբյուջե վճարվող հարկերը, ասել է, թե հանգեցնում են պետության եկամուտների աճին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ որքան էլ ավելանում է Հայաստանի պետական պարտքը, տնտեսության վիճակը դրանից չի փոխվում, այն շարունակում է անկում ապրել: Հայաստանի բնակչության մի զգալի մասը շարունակում է ուղիներ փնտրել երկրից հեռանալու եւ այլ երկրում բնակություն հաստատելու համար:
Սա նույնն է, թե որեւէ ընտանիք շարունակական նորանոր պարտքեր ձեռք բերի եւ այդ գումարները վատնի: Ի վերջո, գալու է այն պահը, երբ պարտքատերերը գումարները ետ են պահանջելու, այդ ժամանակ պարզվելու է, որ ընտանիքը սնանկ է: Գրեթե նույն իրավիճակն է նաեւ պետության դեպքում: Պարզապես պարտքերի տակ ընկած ընտանիքից իր ունեցած-չունեցածը խլում են: Իսկ պետության դեպքում այդ «խլոցին» մի փոքր ավելի բարդ եւ խուճուճ ձեւով է տեղի ունենում, բայց վերջնարդյունքը փաստացի գրեթե նույնն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ