ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ հայկական կրկեսի կոլեկտիվն այս տարի տոնելու է 60¬ամյակը: Այդ առիթով Երեւան է հրավիրվել ռուսական մեծ կրկեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, նախորդ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, գոնե այս տարի հայկական կրկեսի կոլեկտիվի 60¬ամյակը նշելու հարցում պետությունն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է:
-Ո՛չ, պետությունը ոչ մի կերպ չի արձագանքել այս հոբելյանին: Ես արդեն հույսս կտրել եմ, եթե ուզենան օգնել, խնդրեմ: Մեկ էլ կտեսնես` մի ինքնագործ խմբի 10-ամյակն են տոնում… Բայց այս կոլեկտիվի 60-ամյակը կարելի է, չէ՞, նշել: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ես նախաձեռնությունը վերցրի ինձ վրա:
-Գուցե մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի՞ն դիմեք:
-Ես նրա մոտ դեռ չեմ եղել, դեռ ժամանակ կա: 5-6 օրից Հայաստան է ժամանելու ռուսական կրկեսի ներկայացուցիչը, միասին ժամանելու ենք նախարարություն` ընդունելության: Ես այդ հարցով կդիմեմ նախարարին, գուցե համատեղ իրականացնենք ծրագիրը: Տեսնենք` կօգնեն, թե ոչ: Լավ կլինի, որ պետությունն էլ ֆինանսապես օժանդակի մեզ: Առհասարակ, հարկավոր է կրկեսային արվեստին մի քիչ ուշադրություն դարձնել, այսպես չի լինի: Ես պարոն նախարարին կխնդրեի, որ համատեղ մի շարք միջոցառումներ իրականացնենք:
-Մի փոքր պատմեք, թե կոլեկտիվի 60¬ամյակին նվիրված միջոցառումներն ինչպես են անցնելու: Արդյո՞ք ժողովուրդը մասնակից կդառնա այդ ամենին:
-Ռուսական կրկեսի կազմում ընդգրկված կլինեն 30 ռուս դերասաններ: Բացի այդ` կհրավիրենք նաեւ կրկեսի հայ դերասանների, օրինակ` Գերմանիայում բնակվող դերասան Գագիկ Ավետիսյանին (Կլոուն Չառլի): Քանի որ դեռ ավարտված չեն Երեւանի պետական կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, շքերթը կանցկացվի Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումի տարածքում: Հյուրախաղերը կսկսենք նոյեմբերի 20-ից: Դրանք կտեւեն մինչեւ հունվարի 13-ը: Ես արդեն գրել եմ հետաքրքիր ամանորյա սցենար: Ծրագրում ենք այդ ընթացքում լինել մարզերում, ցանկություն կա այցելել նաեւ Արցախ: Ուրախալին այն է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից բացված կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրսի անդամները առաջին անգամ վարպետաց դասեր կանցնեն հենց կոլեկտիվի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարպետաց դասերին կմասնակցեն նաեւ Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի սաները: Ինչ վերաբերում է ժողովրդի մասնակցությանը միջոցառումներին, ապա նշեմ, որ կրկեսը կանցնի քաղաքով, պարային խմբերի շքերթ կլինի, փոքրիկ երեխաները կվերածվեն ծաղրածուների, այնպես որ, մարդկանց ակտիվացնելուն միտված ծրագրեր շատ կլինեն:
-Իսկ հայկական կրկեսի կոլեկտիվին ե՞րբ կտեսնենք միասնական:
-Այսօր կրկեսի հայ արտիստները սփռված են աշխարհով մեկ, ամեն մեկն աշխատում է մի ծրագրի շրջանակում: Կրկեսային արվեստը հյուրախաղային արվեստ է: Նորմալ է, որ կրկեսային դերասանը 4-5 տարին մեկ է գալիս Հայաստան: Իսկ երբ նոր կրկեսն արդեն հանձնվի շահագործման, պլանավորել եմ հայ դերասաններին հավաքել մի հարկի տակ: Նրանք մի քանի ամիս ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար:
Հավելենք, որ հայկական կրկեսի կոլեկտիվը ձեւավորվել է 1956¬ին` Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվը միտված էր հայկական կրկեսի լավագույն ավանդույթները զարգացնելուն, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ ստեղծելուն։

 

 

 
ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՉԻ ՁԳՏԵԼ ՇԵԴԵՎՐ ՍՏԵՂԾԵԼ

Հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, տեղի է ունեցել Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությունը: Բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երեւանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: Արձանախմբի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

Արձանախումբը նոր է բացվել, բայց արդեն հասցրել է հայտնվել քննադատությունների թիրախում: Մի շարք քանդակագործներ, նկարիչներ սոցցանցերի իրենց էջերում գրել են, որ արձանախումբը գեղագիտական ոչ մի արժեք չի ներկայացնում, եւ այն դասել են մայրաքաղաքի չստացված, անհաջող քանդակների թվին: Ոչ մասնագիտական կարծիքները եւս հիմնականում բացասական երանգներ են պարունակում:
Քանդակագործ Սահակ Պողոսյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մեռած արձանների քանակը գերազանցեց կենդանի մարդկանց քանակին»:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է. «Տեսա «Արարատ 73»-ի արձանը, մի տարվա դեպրեսիոն լիցքեր կուտակեցի»:
Իսկ Webtv ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանն էլ նկատել է. «Հիմա բացվել է «Արարատ-73»-ի սարսափազդու արձանախումբը, ու… պարզվում է՝ ուղղակի սքանչելագույն արվեստի գործ է, համարյա միքելանջելոյական Դավիթ, քանդակագործն էլ Ռոդենին կտանի ծով, ծարավ կբերի: Ֆեյսբուքը լուռ է, tv-ների գլուխները խառն են՝ ձայն չկա: Ինչու՞: Որովհետեւ սարսափազդու արձանախումբը հովանավոր ունի, ու հովանավորը ինքն ա: Ու ի՞նչ իմանաս, թե հովանավորն էլ ու՞մ կհովանավորի: Բա որ ուզենա քեզ հովանավորել: Դժվա՞ր էր էս իշխանության համար հովանավորին խնդրել՝ էդ Բաբաջանյանի ու Նժդեհի արձաններն էլ հովանավորեր, էդ պատմական մարդիկ էդքան չվարկաբեկվեին մի փոր հացի համար»:
Հավելենք, որ արձանախմբի բացումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց արձանախմբի հեղինակ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա, ի պատասխան հնչած քննադատությունների, նշեց. «Հոկտեմբերի 10-ին ես հեռուստատեսությամբ հետեւում էի, թե ինչպիսի հիացմունք էին ապրում արձանախմբի մեր հերոսները` ֆուտբոլիստները, որոնք կյանք ապրած մարդիկ են: Իսկ ովքե՞ր են քննադատողները. թող իրենց կարծիքները հայտնեն, մենք էլ գրավոր պատասխանենք: Այդ կոմպոզիցիան, հորինվածքը ինձ բավարարում է: Անկեղծ ասած` բազմաթիվ խորհրդատվությունների արդյունքում ես շտկումներ եմ մտցրել, որպեսզի հորինվածքը միջավայրի մեջ առավելագույնս ընկալելի լինի»:
Անդրադառնալով արձանախմբի գեղագիտական կողմին` Տ. Բարսեղյանը եզրափակեց. «Կատարելությունը վերջ չունի: Հավակնություններ էլ չկան ամեն մի գործից ակնկալել շեդեւրալ որակ, ասենք` Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի նման: Այս արձանախմբի պարագայում կան շատ գրագետ մոտեցումներ, եւ քանդակային այդ հորինվածքը ե՛ւ իր գաղափարական, ե՛ւ ժանրային իմաստով ու կատարման կուլտուրայով պուրակային ճարտարապետության մեջ առավել քան թույլատրելի է: Այլ բան է, որ քանդակագործներից ոմանք ասում են, թե իրենց դուր չի եկել: Իսկ ո՞ր քանդակի վերաբերյալ է, որ չենք լսել նման արտահայտություն»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի եւ ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին եւ արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ «Խարիտոնի» հայ-հունական անսամբլը 20 տարի առաջ հիմնել են Աթաբեկյան հինգ քույրերը, բոլորը պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, հետո նրանց միացել են որդիները, ապա նաեւ՝ թոռները: «Խարիտոնին» միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Հայաստանում հունական մշակույթ է զարգացնում եւ տարածում:

 

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
2016-ը աստղային զույգերի համար այնքան էլ հաջող տարի չէ. անընդմեջ մամուլը ողողվում է նրանց բաժանությունների մասին լուրերով: Այս անգամ էլ հայտնի է դարձել, որ բաժանվել են երգչուհի Ռիհաննան եւ ռեփեր Դրեյքը: E! Online-ի փոխանցմամբ` նրանք միմյանց հանդեպ այլեւս պարտավորություններ չունեն, սակայն շարունակում են պահպանել ընկերական հարաբերությունները: Այնուամենայնիվ, պարբերականի աղբյուրը հույս է հայտնում, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Ռիհաննան եւ Դրեյքը սիրում են միմյանց: Հավելենք, որ Ռիհաննան օրերս Instagram-ի իր էջում գրել էր. «Իմ նախկիններից ոչ ոք այդպես էլ չի ամուսնացել եւ չի կարող պարծենալ երջանիկ հարաբերություններով, այդ պատճառով վստահորեն կարող եմ հայտարարել, որ խնդիրն իմ մեջ չէ»:




Լրահոս