Ինչպես հայտնի է՝ այս տարվա անցած ինն ամիսներին պետական բյուջեից ծախսվել է 929.6 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր ծրագրվածի 93.8 տոկոսը: Հայաստանի ամենաառանցքային խնդիրներից մեկը եղել եւ մնում է պետական միջոցների անարդյունավետ ծախսումը: Ուստի ուշագրավ է պարզել, թե վերը նշված միջոցներն ինչի վրա են ծախսվել:
Այսպես՝ վերը նշված գումարից 899.8 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը: Ի դեպ, ընթացիկ ծախսերի բյուջեով նախատեսված ծրագիրն այդպիսով կատարվել է 96%-ով: Այլ կերպ ասած՝ ինն ամսվա համար նախատեսված ընթացիկ ծախսերի 4 տոկոսը այդպես էլ չի կատարվել, ասել է, թե պետական բյուջեն պարտք է մնացել:
Ընթացիկ ծախսերից 33 տոկոսը, որը կազմում է 296.5 մլրդ դրամ, հատկացվել է սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների վճարմանը: Սա այն դեպքում, երբ հանրահայտ փաստ է, որ Հայաստանում կենսաթոշակների միջին չափը կազում է 42 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 56 հազար դրամ է: Այսինքն՝ Հայաստանում վճարվող կենսաթոշակով թոշակառուն իր նվազագույն կարիքներն անգամ չի կարող հոգալ: Ստացվում է, որ եթե կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվեր սպառողական զամբյուղին, ապա պետական բյուջեի գումարների կեսից ավելին անհրաժեշտ կլիներ հատկացնել կենսաթոշակների վճարման համար: Ավելին՝ այն փաստը, որ մեր պետական բյուջեի ծախսերի մոտ մեկ երրորդը կազմում են կենսաթոշակները եւ նպաստները, արդեն իսկ ողբերգություն է: Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ստեղծված իրավիճակն ընկերության օրինակով փորձենք պարզաբանել: Եթե ընկերությունը չի կարողանում իր ընդլայնման ու զարգացման համար գումարներ հատկացնել եւ զբաղվում է միայն ընթացիկ վիճակի պահպանմամբ, ապա վաղ թե ուշ սնանկանում է:
Ինչեւէ, բյուջեի՝ վերը նշված 296,5 միլիարդ դրամից 201.2 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, իսկ 95.3 մլրդ դրամ՝ նպաստները: Ի դեպ, նպաստների վճարման ծրագիրը կատարվել է 95.3 տոկոսով, ինչը երկու բացատրություն կարող է ունենալ` նպաստառուների ցանկը նվազեցվել է, կամ էլ նպաստառուների մի մասի գումարները չեն վճարվել: Ի դեպ, այս տարվա ինն ամիսների կտրվածքով կենսաթոշակների համար վճարված գումարներն անցած տարվա համեմատ աճել են 1.4 տոկոսով: Սակայն հարկ է նշել, որ այդ աճը ոչ թե կենսաթոշակների չափի, այլ թոշակառուների թվի ավելացմամբ է պայմանավորված:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի միջոցներից 98.9 մլրդ դրամը ծախսվել է պետական հիմնարկների աշխատակիցների վարձատրության համար:
109.3 մլրդ դրամը ծախսվել է ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար: Ուշագրավ է, որ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար իննամսյա ծրագրով նախատեսված միջոցներից ընդամենը 89.5%-ն է ծախսվել: Հաշվի առնելով այն փաստը, որ այս թերակատարման արդյունքում պետական կառավարման համակարգը չի խափանվել եւ բնականոն գործում է, ուստի կարելի է ենթադրել, որ մնացած ավելի քան 10 տոկոսի ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը եղել է անիմաստ, հակառակ դեպքում նման կրճատումը չէր կարող խնդիրներ չառաջացնել:
Պետական բյուջեի միջոցներից այս տարվա ինն ամիսների ընթացքում 73,3 միլիարդ դրամը ծախսվել է ՀՀ կառավարության պարտքի սպասարկման համար: Ի դեպ, այս նպատակով պետական բյուջեի ինն ամիսների ծրագիրը կատարվել է 94.3 տոկոսով: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ կառավարության պարտքերի մի մասի տոկոսավճարները կամ մայր գումարի մարումը չի իրականացվել: Պետական պարտքի սպասարկման համար ծախսված գումարներից 25.5 մլրդ դրամը կազմել են ներքին պարտքի, 47.8 մլրդ դրամը արտաքին պարտքի տոկոսավճարները:
Այս տարվա ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 114.6 մլրդ դրամի դրամաշնորհ: Մասնավորապես, այդ գումարից 35,3 միլիարդ դրամը հատկացվել է համայնքներին, որպես համահարթեցման դոտացիաներ: Մնացած 68.6 մլրդ դրամի ծախսը ներկայացված է որպես «այլ ընթացիկ դրամաշնորհներ»:
Իսկ ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, այսինքն՝ եկամուտների եւ ծախսերի բացասական տարբերությանը, ինն ամիսների կտրվածքով այն կազմել է 93.6 մլրդ դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 40 տոկոսով: Պետական պակասուրդի նման կտրուկ աճը ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները հետեւյալ կերպ են պատճառաբանել. «Պակասուրդի մեծության աճը պայմանավորված է պետական բյուջեի եկամուտների նվազման պայմաններում ծախսերի աճով, որը հիմնականում ֆինանսավորվել է գանձապետական պարտատոմսերի եւ բյուջեի ազատ մնացորդի հաշվին»:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտների պետական բյուջեից տրամադրվել են 20.9 մլրդ դրամ վարկային միջոցներ: Սակայն նշված ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է ծրագրով նախատեսված գումարների միայն 62.4 տոկոսը` 14.3 մլրդ դրամի չափով: Այլ կերպ ասած՝ ինչ-որ վարկառուներ պետությունից վերցված գումարներն այդպես էլ չեն վերադարձրել, այլ կերպ ասած՝ «քցել» են: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ նման վարկերը բացառապես իշխանական վերնախավի մերձավոր ընկերություններին են հատկացվում, հասկանալի է դառնում, որ «քցողները» նույն այն շրջանակներից են, որոնք արդեն մեկուկես տասնամյակից ավել է՝ մսխում են պետական միջոցները եւ պետական պաշտոնի հաշվին դառնում միլիարդատեր:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՁԵՎԱՆԱԼ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 18-ին, այցելելով Գեղարքունիքի մարզ, հանդիպել էր Վարդենիսի կարտոֆիլագործների հետ, որոնք հոկտեմբերի 14-ին փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Նրանք այդ կերպ դժգոհել էին ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարների կողմից կարտոֆիլի համար աննախադեպ ցածր գին առաջարկելու դեմ: Իգնատի Առաքելյանը հանդիպման ընթացքում ասել էր, որ խնդիրը քննարկել է ՀՀ պաշպանության նախարարի հետ եւ որպես լուծում առաջարկվել է, որ գյուղացիները միավորվեն՝ ստեղծելով համատեղ ընկերություն` կոոպերատիվ, եւ իրենք դառնան մատակարար: «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանից փորձեց պարզել, թե անցած օրերին ի՞նչ է արվել կարտոֆիլագործների խնդիրները լուծելու համար: «Պետք է հասկանալ՝ գյուղացիները պատրաստ են միավորումների, կոոպերատիվների ձեւով հավավքելու եւ խնդիրը լուծելու, նաեւ ինչ ծավալի կարտոֆիլ կա, որ համապատասխանում է ՊՆ-ի պահանջներին, դրանից հետո նոր կոնկրետ քայլերի մասին կարելի է խոսել»,- ասաց Մակարյանը: Այսպիսով, մինչեւ գյուղատնտեսության նախարարությունը իրավիճակը վերլուծի, ծրագրեր կազմի, կարտոֆիլի հաջորդ բերքն արդեն հասունացած կլինի: Իսկ ի՞նչ է լինելու այս տարվա բերքի հետ:
ԿԳԱ, ԹԵ ՉԻ ԳԱ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու լուրերը վերջին օրերին առավել քան ակտիվ քննարկվում են: Այդ թեման առավել ակտուալ դարձավ նախօրեին մի խումբ ԲՀԿ-ականների կողմից՝ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, Գագիկ Ծառուկյանի տան մոտ գնալու եւ «ազգովի խնդրելու» ակցիայից հետո: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ-ում նկատեց, որ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ` Արշակ Մխիթարյանը, Մուրադ Գուլոյանը, Մելիք Մանուկյանը եւ Գուրգեն Արսենյանը, խմբակցության սենյակում ինչ-որ հարց էին քննարկում: Ուստի Արշակ Մխիթարյանից փորձեցինք պարզել, թե արդյոք իրենք Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեման էին քննարկում: «Մենք նման բան չէինք քննարկում, այդ թեման չի եղել, մենք բոլորս էլ համարյա թե համակարծիք ենք իր վերադառնալու հետ կապված, ավելորդ ենք համարում մի քանի ընկերներով նույնիսկ այդ հարցը քննարկելը: Ես դեմ չեմ իր վերադառնալուն, նամանավանդ կա նման հասարակական պահանջ: Մենք ընդամենը շատ ուրախ կլինենք: Մարդը ժամանակավորապես քաղաքականությունից հեռացել է, կարող է եւ վերադառնալ, մենք ուրախ կլինենք»,- պատասխանեց Մխիթարյանը:
ԽԱԽՏՈՒՄՈՎ
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է գրենական պիտույքներ եւ գրասենյակային նյութեր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման այս գործընթացին: Քանի որ այն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտմամբ:
ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի կարծիքով սահմանային վերջին լարվածությունը կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցի հետ: «Համանախագահների ցանկացած այցի հետ որոշակի հույսեր կապում ենք, բայց գոնե անցյալ տարիների փորձը նկատի առնելով՝ լուրջ ակնկալիք չենք կարող ունենալ: Այս այցելությունն էլ տարածաշրջան հերթականն է, եւ մասնավորապես կարծում եմ, որ ապրիլյան գործողություններից հետո, սանտկպետերբուրգյան եւ Վիեննայի հանդիպումներից հետո իրավիճակը կայուն պահելուն է ուղղված»,- armlur.am-ին ասել է պատգամավորը:
ԱԶԱՏՎԵՑ
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Սեւակ Լալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդը», հղում անելով իր աղբյուրներին, դեռեւս սեպտեմբերին էր հայտնել, որ Սեւակ Լալայանն ազատվել է աշխատանքից, հավաքել իրերն ու հեռացել:
ԽՆԱՄՈՒՆ ՍԻՐԱՀԵՏԵԼՈՎ
Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում սպանվել է գյուղի բնակիչ, 55-ամյա Լյովա Հաջյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նախնական վարկած կա, որ սպանողը եղել է Հաջյանի որդու աներձագը: Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների` տղամարդը սիրահետել է որդու զոքանչին, ինչի մասին իմացել է նրա աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որն էլ նման ավարտ է ունեցել: Մեզ հետ զրույցում Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը հայտնեց, որ գյուղում տարբեր խոսակցություններ են տարածվել, սակայն հիմնական վարկածը վերը նշվածն է: Գյուղապետի խոսքով` կասկածյալը, ով արդեն իսկ ձերբակալված է, բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել տուժողի եւ նրա հարազատների հետ: Եվ կատարվածը բոլորին զարմանքի տեղիք է տվել: Սպանության մեջ կասկածվողը Էդիկ Ասլանյանն է: Նշենք, որ տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր, կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադեւոսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ընկերության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Նա գլխավոր տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել էր ՊԵԿ ղեկավար: Երեկ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գրասենյակ ու աշխատակիցներին ներկայացրել նոր տնօրենին:
ԹԱՑ ՁՅՈՒՆ
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մտածում ենք, որ այս գիշեր եւ վաղը առավոտյան թաց ձյուն կտեղա նաեւ Երեւանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Մասիվ, Քանաքեռ հատվածներում»: