ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Երան Հակոբյան (29 տարկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք՝ համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով՝ միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները Հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով, իրենց ընտրությամբ: