Սերժ Սարգսյանի չկատարած խոստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ-ի հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իրավապահ մարմիններին: Նրանք հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են որպես ռազմագերիներ: Նրանք հիմա պայքարում են բաց նամակների հրապարակմամբ, իսկ իշխանությունը «ծռերին» տված խոստումները ամբողջապես մոռացել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» զենքով գրավեցին ՊՊԾ գունդը, նրանց հանձնվելու գործում իր մեծ մասնակցությունն ու դերակատարությունն ունեցավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Վերջինս ի սկզբանե հայտնի էր որպես բանակցող կողմ, ում առաքելությունը հնարավոր արյունահեղությունը կանխելն էր: Մեծ հաշվով Բալասանյանին հաջողվեց կատարել իր միսիան: Վիտալի Բալասանյանը վերջին օրերին «Սասնա ծռերին» էր փոխանցում Սերժ Սարգսյանի խոսքը՝ «Հանձնվե՛ք խաղաղ ճանապարհով»: Եվ նա դարձել էր «միակողմանի բանակցող»:

«Արդեն ունենք նաեւ հանրապետության նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց եւ հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սէֆիլյանին եւ բացատրելու իրականությունը եւ հեռանկարները»: Սակայն նրա խոստումը այդպես էլ իրականություն չդարձավ: Սերժ Սարգսյանը չընդունեց Ժիրայր Սէֆիլյանին, ու հանուն արդարության պետք է ասել՝ երկրի ղեկավարի տեսանկյունից ճիշտ քայլ արեց: Զենքով, արյունով իշխանություն փոխելու քայլը երբեք ոչ մի ժամանակում ընդունելի չի եղել ու չի լինի:

Բայց ո՞ւր մնացին իշխանության տված խոստումները «Ծռերին»: Ամեն դեպքում, ցանկացած հարց, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լուծվում է ջենտլմենական պայմանավորվածությունների շրջանակներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետեւյալ բովանդակությամբ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ. «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաեւ բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը եւ հանձվելու երթուղին»:

Ինչ ունենք այսօր` զենքերը վայր դրած եւ հանձնված զինյալներ, որոնց առաջադրված մեղադրանքները օրեցօր ավելացվում եւ խստացվում են: Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք: Հուլիսի 31-ին զենքերը վայր դրած «Ծռերից» որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Իսկ ի՞նչ օրենքի հղում անելով է ԱԱԾ-ն նման հայտարարությամբ հանդես եկել` փաստացի կեղծ հույսեր առաջացնելով զինյալների մոտ: Մեր հարցին ի պատասխան` փաստաբան Հովիկ Արսենյանը պարզաբանեց, որ գոյություն ունեն հայեցողական հոդվածներ, որոնք սահմանում են քրեական պատասխանատվությունից  ազատվելու չափանիշները. «Օրերս մամուլում սպրդեց, որ «Սասնա ծռերի» որոշ անդամներ հնարավոր է՝ ազատ արձակվեն: Ըստ էության, հայեցողական մասերով հաշվի կառնվի այն, որ նրանք, ովքեր զենք-զինամթերքով մուտք են գործել, սակայն կամավոր պատանդ են բաց թողել, տարածքն են ազատել, բաց կթողնվեն»:

Փաստաբանը մանրամասնեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները, ովքեր կալանավորվել են ՀՀ քրեական օրենսգրքի 219 եւ 235 հոդվածների հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, կապի եւ տրանսպորտի միջոցներ վերցնելը, ապօրինի զենք-զինամթերք պահելը, հնարավոր է՝ ազատության մեջ հայտնվեն:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պատանդ պահելու եւ շենքեր, շինություններ գրավելու վերաբերյալ երկու հոդվածներն ունեն խրախուսական նորմեր. եթե անձինք կամովին բաց են թողնում պատանդներին, կամովին ազատում են շենքերն ու շինությունները, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքները այլ հանցակազմեր չեն պարունակում:

Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ նախօրեին զինված խմբի անդամներից 12-ին առաջադրված մեղադրանքներն ավելացվել են, ոմանց դեպքում այն խստացվել է: Եվ ինչ է ստացվում. զինյալները նաեւ հավատալով իշխանության կողմից իրենց տված խոստումներին՝ կատարել են տղամարդու խոսքը եւ վայր են դրել զենքերը, իսկ նրանց նկատմամբ մեղմ վարվելու փոխարեն ավելի խիստ են դատում:

Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը  համարում հայտնել էր, որ այսկերպ իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում` իրենց համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում` հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման, որպեսզի այսուհետ որեւէ մեկի մտքով չանցնի զենք վերցնել եւ իշխանությունը փոխելու կոչեր անել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս