«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը ազգային ժողովի արտահերթ քննարկմանը ներկայացրեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Նախագծով 5 մլն դրամից ավելի ունեցվածքի ավելացման դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում օրինական եկամուտներին, նախատեսվում է ազատազրկում, պաշտոնից զրկում: Օրինագծի քննարկումը, կարելի է ասել, բացառիկ էր գոնե այն առումով, որ ելույթ ունեցող պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ էր դրան:
Սակայն խնդիրն այլ հարթության վրա եւս պետք է դիտարկել:
Ինչո՞ւ հիմա, եթե նախագծի շուրջ քննարկումներ եղել են դեռեւս ավելի քան մեկ ու կես տարի առաջ: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եվրոպական բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկում էր այդ թեման եւ արդարադատության նախարարին հանձնարարականներ էր տվել: «ժողովուրդ» օրաթերթը օրինագծի համահեղինակ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը. «Ներկայացվել է այն պահին, երբ իրականում այդ ուղղությամբ աշխատանքները նախագծին տվել են վերջնական տեսք, փորձառություն: Նախագիծը չի ներկայացվում որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Այն ներկայացվում է քաղաքական փոփոխությունների մեջ: Շատ կարեւոր է ոչ միայն, թե երբ ես անում քայլը, այլեւ ինչպես ես անում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, նախագծի ձեւակերպումների վրա աշխատանք… Միայն երեք ամիս ներգերատեսչական քննարկումներ են եղել: Հետո բերվեց ամփոփումը եւս մի երեք ամիս, հետո գնաց կառավարություն, երկու ամիս է՝ այստեղ է: Շատ բնական է եղել, ես այստեղ ինչ-որ հատուկ բան չեմ տեսնում»,- պարզաբանեց նախարարը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: