Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցի գործելաոճից: Բանն այն է, որ հյուրանոցային համալիրի պաշտոնական կայքէջում նորապսակներին վերաբերող «հատուկ առաջարկ» կա տեղադրված, որտեղ նշված է, որ հյուրանոցը 3 օրով եւ 3-անգամյա սննդով սենյակ ամրագրելու դեպքում եւս մեկ օր անվճար սենյակ կտրամադրի:
Բայց երբ մարդիկ գայթակղվում եւ զանգահարում են, պարզ է դառնում, որ հյուրանոցի տնօրինութունը պարզապես խաբում է քաղաքացիներին եւ մոլորեցնում նրանց: Հեռախոսով տեղեկացնում են, թե առաջարկը հատուկ չէ, եւ ակցիան ավարտվել է: Մինչդեռ կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ մոլորեցնող առաջարկը կայքէջից չի հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց հյուրանոցի տնօրինության հետ, որտեղից մեզ անտարբեր տոնով հորդորեցին «հանգիստ մնալ», քանի որ իրենք բոլոր հետաքրքրվողներին զանգով մանրամասն բացատրում են, որ անվճար սենյակ չեն կարող տրամադրել: