ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրեն պատկանող գործարանի ձեռքբերումները: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
ՀԱՐՑ. Ոչ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ինչպե՞ս է ծանուցվում իրենց կողմից կատարված վարչական իրավախախտումը (տեսախցիկների ֆիքսած իրավախախտում): Տեղյակ եմ, որ արտերկրում նման պետհամարանիշերով վարորդների վարչական իրավախախտումների տուգանքները գանձվում է տվյալ երկիր մուտք գործող սահմանին:
Նարեկ Դավթյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը` նախորդ համարում) Սահմանվել է նաեւ, որ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով: Նշված դրույթն ամրագրվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում 21.12.2015 թվականին կատարված լրացումով:
Նշված իրավական կարգավորումները ներկայումս կիրառելու համար աշխատանքներ են տարվում համապատասխան տեխնիկական եւ ծրագրային լուծումների ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին):
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անուիտետը: Ընդհանրապես ո՞ր դեպքերում է անուիտետը պարտադիր:
Ստելլա Մեհրաբյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անուիտետը միանվագ փոխանցված գումարի դիմաց ապահովագրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում եւ պարբերականությամբ վճարվող գումարն է: Անուիտետի դեպքում պայմանագիր է կնքվում անձի եւ ապահովագրական ընկերության միջեւ, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:
Եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որեւէ ապահովագրական ընկերություն եւ նրա հետ կնքել անուիտետի պայմանագիր: Այդ նպատակով մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում:
Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Կուտակային միջոցները ստանալուց հետո, անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում եւ պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսինների անուիտետը վճարվում է անձին ցմահ, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է ցմահ վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն, անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: