«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը:
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը: «Ոչ, ոչ»,-պատասխանել է աշխատակիցը՝ խուսափելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել:
Սեյրան Օհանյանն ինքը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, բայց այդտեղ ապրում է վարձով: Նա սակայն չէր մանրամասնել, թե յուրաքանչյուր ամիս որքան վարձ է վճարում այդ տան համար: Ինչպես նշեցինք, այդտեղ առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից, եւ կարելի է չկասկածել, որ Սեյրան Օհանյանը նման առանձնատուն վարձակալած կլինի եւ ոչ թե առանձնատան բնակարաններից մեկը:
Օհանյանը նաեւ նշել էր, որ 2008 թվականին Վահագն Հովհաննիսյանն այդ թաղամասում իրեն մի փոքր հողակտոր էր նվիրել, որն այլեւս իրենը չէ: Այսինքն` վաճառել է: Աշխատակիցը թերթին նաեւ փոխանցել է, որ ամենափոքր հողակտորը 650 քմ մակերես ունի, որը վաճառվում է 65.000 դոլարով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: