Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները կներվեն. ինչ են քննարկել նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ տաքսու վարորդներ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այստեղ նրանց ընդունել և դժգոհություններն է լսել նախարար Վահան Մարտիրոսյանը:

Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի վիճակի չեն վճարել այդ բավական մեծ գումարը: Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները ներվեն` հիմնավորելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով:

Օնլայն տաքսիների գործունեությունը, նրանց խոսքով, խոչընդոտում է իրենց աշխատանքը, այն դեպքում, երբ այդ համակարգերում գրանցված վարորդները չեն լիցենզավորվում և վճարներ չեն կատարում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդների պահանջները, առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել մինչև վաղը, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի լուծումներ գտնել:

Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և օրենքի շրջանակներում:




Լրահոս