ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ Է՛Լ ԱՎԵԼԻ ԵՆ ԼԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային քաղաքական իրադրությունը զարգանում է շեշտակի արագությամբ: Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի հայտնի դառնալուն պես ԱՄՆ նոր վարչակազմը շեշտակիորեն կոշտացրեց իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ: Սա լիովին անակնկալ էր թե՛ վերլուծաբանների, թե՛ աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի համար:

Հաշվի առնելով նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը` պարզապես ապշեցուցիչ է, որ նախագահն ու նրա խորհրդականները, որոնք հակված էին ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել ամեն գնով, ընդհուպ մինչեւ համաձայնելով Ասադի իշխանության պահպանմանը, երկու օրվա ընթացքում կտրուկ շրջադարձ կատարեցին: Նախագահի, պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի կոշտ ձեւակերպումները դեռեւս չէին համոզում, որ Թրամփի վարչակազմը ունակ կլինի գործնական քայլեր ձեռնարկելու: Այս առումով խնդիրն առնչվում էր թե՛ Սպիտակ տան նոր տերերի անկայուն հռետորաբանությանը, թե՛ Պուտինի նկատմամբ նրանց հանդուրժողականությանն ու դրանով պայմանավորված նաեւ ՌԴ շահերի դեմ անթաքույց կերպով չգնալու զգուշավորությանը: Թրամփը քանիցս ապացուցել էր, որ իր խոսքը պահելու հարցում այնքան էլ վստահելի չէ եւ կարող է պահի ազդեցությամբ փոխել կարծիքը` ժողովրդահաճ երեւալու մղումով: Դրա հետ մեկտեղ նա հետեւողականորեն ձգտում էր չանցնել սահմանները Պուտինի հանդեպ քննադատություն հնչեցնելիս: Ավելին` արդեն նախագահի կարգավիճակով հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի պնդմանը, թե Պուտինը մարդասպան է, Թրամփը հակադարձել էր. «Ի՞նչ է, կարծում եք, մեր երկիրն ավելի՞ անմեղ է»: Սա ընդամենը մեկ պարզ դրսեւորում էր, որ ցույց էր տալիս, թե ինչպես էր ԱՄՆ նախագահը պատրաստ իր ղեկավարած երկրի արժեհամակարգը նույնացնել Պուտինի հետ: Նմանօրինակ երեւույթների բազմակի կրկնությունն էլ հուշում էր, որ Թրամփը անընդունակ էր Պուտինի շահերի դեմ որեւէ քայլ կատարել: Հանուն արդարության հարկ է նկատել, որ նախընտրական շրջանում Թրամփը պնդում էր, որ ինքը Պուտինի հանդեպ կարող է շատ ավելի կոշտ լինել, քան մրցակից Քլինթոնը: Այս տեսակետը ընկալվում էր որպես պարզագույն պոպուլիզմ, սակայն ժամերի ընթացքում ԱՄՆ 45-րդ նախագահը սկսեց վերածվել ամերիկյան պարբերականների համար «իսկական նախագահական» կերպարի: Ի դեպ, Թրամփի գործողությունները ողջունել է նաեւ Հիլարի Քլինթոնը:
Թրամփը, կանխավ հայտարարելով, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը խորապես վշտացրել է իրեն, մեկ օրվա ընթացքում հանկարծակիորեն հրահանգել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազայի ուղղությամբ: Ավելի քան 50 թեւավոր հրթիռների հարվածներով ԱՄՆ-ն անմիջականորեն խառնվեց սիրիական ճգնաժամին: Նկատելի է, որ ռազմաօդային հարվածները հասցվել են Միջերկրական ծովում հանգրվանած ամերիկյան երկու ռազմանավերից: Թրամփը պարզաբանել է, որ ռազմական միջամտությունը պայմանավորված է ամերիկյան շահերով` առաջին հերթին կանխելու քիմիական եւ նմանատիպ այլ զենքերի տարածումը: Ռազմական գործողությունների արդարացման հիմքում դրվում է «պաշտպանելու պատասխանատվության» (responsibility to protect) միջազգային քաղաքական սկզբունքն ու հանձնառությունը, երբ կոնկրետ երկիրը միջամտում է իր շահերի հետ չառնչվող որեւիցե կոնֆլիկտի` ելակետ ունենալով անմեղ բնակչության փրկումը ոչնչացման վտանգից: Թեեւ այս հայեցակարգը հաճախ օգտագործվում է մաքուր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, դրա նշանակությունը շարունակում է պահպանվել միջազգային ասպարեզում: Եվ պատահական չէ, որ Թրամփի վարչակազմը իր գործողությունները բացատրում է` հղում կատարելով հենց այդ սկզբունքին: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլին օրեր առաջ հայտարարել էր, որ եթե ՄԱԿ-ը միասնաբար քայլեր չի ձեռնարկում Սիրիայում կատարվող իրադարձությունների ուղղությամբ, ապա առանձին պետությունները ստիպված պիտի լինեն միանձնյա վերցնել պատասխանատվությունը:
Ուշագրավ է Ռուսաստանի դիվանագիտական կոպիտ թերացումը այս հարցում: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի քանի օր շարունակ ԱՄՆ-ն փորձում էր անցկացնել Սիրիայի հարցով արտակարգ բանաձեւ եւ պայմաններ ստեղծել քիմիական զենքի կիրառման շուրջ համապարփակ հետաքննություն իրականացնելու ուղղությամբ: Ռուսաստանը ակնհայտորեն դեմ էր դրան` հայտարարելով, որ նոր բանաձեւը աննպատակահարմար է: Պուտինը կարծես համոզված էր, որ ՄԱԿ-ում վիժեցնելով ամերիկյան նախաձեռնությունը՝ կկարողանա կանխել աննպաստ զարգացումները: Ինքնավստահությունն ու Թրամփի մասին թյուր պատկերացումները մեծապես խառնեցին ռուսական հաշվարկը: Պուտինը պետք է գլխի ընկներ, որ եթե իսկապես սիրիական իշխանությունները չեն քիմիական զենքի կիրառման հեղինակները, ապա պղտոր ջրում ձուկ որսացողները խաղադրույք են կատարել իր՝ հենց այսպիսի արձագանքի վրա: ՌԴ-ի արտաքին քաղաքական կանխատեսելիությունը այստեղ հակառակ ազդեցությունն ունեցավ` համոզելով Թրամփին, որ համագործակցային տարբերակով առնվազն ՄԱԿ-ում միասնական, թեկուզ եւ ոչ կոշտ դիրքորոշման հանգել հնարավոր չէ: Արդյունքում ԱՄՆ նախագահը որոշեց խաղալ ամերիկյան քաղաքականության դասական խաղը` ցույց տալով, որ միջազգային հարաբերություններում իրենից ակնկալվող մեկուսացման քաղաքականությունը ցանկացած պահի կարող է ի չիք դառնալ: Զարմանալի չէ, որ հրթիռային հարձակումից անմիջապես հետո Պուտինը արտահայտեց իր դժգոհությունը ԱՄՆ-ի քայլերի առնչությամբ` դրանք որակելով իբրեւ «ագրեսիա Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ»: Այժմ Ռուսաստանը աշխատանքներ է տանում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու ուղղությամբ` նկատելով իր թույլ տված կոպիտ վրիպումը եւ հին մեթոդներով փորձելով շտկել սխալը: Այն կարծես արժեցավ ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր կարգավորման փորձերի հիմնահատակ խաթարումը, այլեւ նոր անվստահություն բերեց երկու պետությունների միջեւ: Թվում էր` Թրամփի ընտրությունը եթե չլուծի, ապա առնվազն չի շիկացնի ԱՄՆ-ՌԴ հակասությունները: Այսօր արդեն կարելի է փաստել, որ երկու տերությունները թեւակոխում են հակադրության մի նոր փուլ` սպառնալով կլանել աշխարհում գոյություն ունեցող ցանկացած հակամարտություն:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Պետական գանձարանի վաճառքի հանված մարգարիտները դեռ չեն վաճառվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող մարգարիտները իրենց գնորդներին դեռ չեն գտել:

Նշենք, որ պետական մարգարիտների առաջին աճուրդը տեղի է ունեցել մարտի 30-ին, սակայն այդպես էլ աճուրդը չի կայացել, քանի որ գնորդներ չեն հայտնվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ թանկարժեք մարգարիտների հաջորդ աճուրդը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ մայիսի 2-ին:
Ի դեպ, աճուրդի հանվելիք 102 կգ 793 քաշով մարգարիտները պետական գանձարանում հաշվառված են մոտ 6 մլն 200 հազար դրամ արժեքով: Վաճառքի հանված մարգարիտների մեկ գրամի արժեքը գնահատված է 60 դրամ: Օրինակ՝ 370 գրամանոց սպիտակ փայլով, օվալաձեւ մարգարիտի մեկնարկային գինը 22 հազար 212 դրամ է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» պահուստում պահվող 102 կգ 793 գրամ մարգարիտը աճուրդի հանելու մասին որոշման նախագիծը ընդունել էր այս տարվա փետրվարի 2-ին: Աճեցված (կուլտիվացված) մարգարիտը վաճառելու նպատակն է պետական բյուջեում եկամուտներ ու նոր մուտքեր ավելացնելը: Բացի այս՝ այդ մարգարիտների պահպանումը ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում ենթարկվում է քայքայման՝ կորցնելով ապրանքային տեսքն ու արժեքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԵՂԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ՝ ԱՇԽԱՏԱՈՃ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Մանվել Պետրոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսին, աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Մ. Պետրոսյանը իր պահաբաժնում 2016թ. հուլիսի 3-ին ապօրինի հատված ծառերն անհայտ անձի կողմից հատված լինելու փաստը քողարկելու դիտավորությամբ եւ անձնական այլ դրդումներով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում 2016թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 032 անտառխախտման արձանագրությունը, որի տակ ստորագրել է՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստ: Մ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2016թ. նոյեմբերից մինչ այժմ ընթանում է Դիլիջանի ազգային պարկի պահպանության ինժեներ Աշոտ Սարգսյանի, տեղամասի պետեր Մհեր Հովսեփյանի, Նորայր Սարգսյանի, պահաբաժնի տեսուչներ Արամ Մանուչարյանի, Արամ Պետրոսյանի, Արարատ Թամրազյանի, Արթուր Գուլինյանի, Կամո Պողոսյանի, Կարեն Ստեփանյանի, Մանվել Պետրոսյանի, Քաջիկ Ստեփանյանի, Սամվել Ալիխանյանի, Արտյոմ Հովհաննիսյանի դատավարությունը: Նրանք բոլորն էլ մեղադրվում են 2014 թվականի ընթացքում անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով: Ստացվում է, որ Դիլիջանի ազգային պարկում կեղծ արձանագրություններ կազմելը աշխատանքային գործելաոճ է եղել:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ 9 դեպքով մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել: Դրանց բոլորի դեպքում, սակայն, քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս