Այս գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Ադրբեջանն ահաբեկչական և հանցագործ պետություն է, եթե տարբեր հանցավոր խմբեր թիրախավորում են լրագրողներին, ամբողջ աշխարհում դրա մասին խոսում են: Այսինքն՝ մենք կապ ունենք աննորմալ պետության հետ»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանին կարծիքով՝ սա պետք է բոլորի համար ազդակ լինի, առավել ևս քաղաքակիրթ աշխարհի համար, իսկ «Շանթ» հեռուստաընկերության վիրավոր օպերատորին մաղթեց շուտ ապաքինում:
Վերջինիս խոսքով՝ այս պահին հայ-ադրբեջանական սահմանը գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում:
Լիդա Եղիազարյան