Ինչու Ալեք Ենիգոմշյանը որոշեց չսատարել Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպության անդամ Ալեք Ենիգոմշյանը դեռեւս «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարի օրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք համակրում են Փոստանջյանին, եւ չէր բացառել վերջինիս հետ համագործակցությունը: Սակայն հիմա, երբ Փոստանջյանը իր կուսակցությունով մասնակցում է Երեւանի ավագնու ընտրություններին, Ենիգոմշյանը հայտարարում է, որ իրենք ընտրությունների ժամանակ չեն սատարելու Փոստանջյանին:

Ո՞րն է այդպիսի որոշման դրդապատճառը, ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրին այն դեպքում, երբ յուրաքանչյուր պայքարի ժամանակ Փոստանջյանը ակտիվորեն սատարում էր նրանց: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Ալեք Ենիգոմշյանի հետ։

-Պարո՛ն Ենիգոմշյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարել էիք, որ աջակցելու եք Զարուհի Փոստանջյանին, իսկ հիմա կարծես թե որոշել եք ավագանու ընտրությունների ժամանակ չսատարել նրան: Ի՞նչ փոխվեց այս մի քանի ամսվա ընթացքում:

-Ոչ մի բան չի փոխվել, ընտրություննների կապակցությամբ մեր կեցվածքը նոր չէ, տարիներ ի վեր մենք ասել ենք, որ այս վարչախմբի օրոք ընտրություններին հավատ չենք ընծայում եւ յուրաքանչյուր ընտրություն գալիս է ապացուցելու, որ, ցավոք, մենք ճիշտ էինք: Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անցյալի մեր համագործակցությունը արժեւորում ենք այնքանով, ինչքանով արժեւորել ենք, ոչ մի բան չի փոխվել:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Զարուհի Փոստանջյանի շանսերը:

-Օրվա իշխանությունը միշտ էլ իր վերարտադրությունը ցանկացած ընտրությունով նախօրոք ապահովում է: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ վաղուց ցուցակներն արդեն կազմված են, որ բոլորը աշխատեն ի օգուտ Տարոն Մարգարյանի եւ իր ցուցակի, նման պայմաններում է, որ մենք գտնում ենք, որ իմաստազուրկ է, հետեւաբար Զարուհի Փոստանջյանը, այո՛, ելնելով այսօրվա օրենքի այն տրամաբանությունից, որ երեք քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի ավագանիում, բնականաբար, Զարուհի Փոստանջյանն էլ կլինի այնտեղ, բայց դա չի նշանակում, որ իր կուսակցությունը ավագանու հիմնական ուժը դառնալու շանս ունի:

-Բայց Փոստանջյանը վստահորեն հայտարարում է, որ գրավելու է Երեւանի քաղաքապետարանը եւ ոչ մի եթե-ի մասին անգամ լսել չի ուզում:

-Գիտեք, ցանկացած ընտրությունների մասնակցող ուժ, դա պետք է ասի, որովհետեւ եթե ինքը մասնակցելուց ընդունի, որ ինքը պարտվելու է, ի վնաս իրեն կլինի դա: Ես ասում եմ, որ ոչ թե ժողովուրդը չի ուզենալու, որ Զարուհի Փոստանջյանը կամ իր ցուցակը մեծամասնություն ունենա, այլ խաղի օրենքներն այնպիսին են, որ ՀՀԿ-ն բոլոր լծակներն ունի իր ձեռքում, եւ այդ կերպ է լինելու:

Վահագն Հակոբյան




Լրահոս