Հունիսի 8-ին կյանքից հեռացել է երաժիշտ Արմեն Թութունջյանը:
Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:
Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։
1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։