ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջապես կարողացավ հասնել միջազգային դիտորդների թիվը 7-ով ավելացնելուն եւ ԼՂ խնդրի շրջանակներում արդեն հասցեական հայտարարություններ է անում՝ Ադրբեջանին քննադատելով հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համար:

Այս առնչությամբ միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով, թե դա պետք է անեն հենց կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրները առանց միջնորդների: Ռաարի խոսքով՝ այժմ Եվրոպան այն վիճակում չէ, որ խառնվի Ղարաբաղյան հակամարտությանը. վերջինս շարունակում է մնալ ստվերում եւ միջազգային փորձագետի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացներին կխառնվի միայն պատերազմի դեպքում: Ռաարի խոսքով, սակայն, այս պարագայում նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հաղթողներ, միեւնույնն է, չեն լինելու: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Ռաարը կարծիք հայտնեց, թե որոշ ժամանակ անց Ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է մեծանալ Չինաստանի դերակատարությունը, որը փորձում է մեծ քայլերով ամուր հիմքեր դնել տարածաշրջանում:
-Պարո՛ն Ռաար, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացներում Եվրոպան կարծես թե չի խառնվում: Ո՞րն է պատճառը:
-Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, եւ բոլորն են դա հասկանում: Սակայն այժմ Եվրոպական Միությունը կանգնած է մեծ մարտահրավերների առջեւ եւ պետք է վերակառուցի իր պաշտպանողական քաղաքականությունը: Այժմ եվրոպական երկրները զբաղված են ներքին հարցերով, խնդիրներով: Ես այժմ չեմ տեսնում այդ հարցում Եվրոպայի ակտիվացման նախադրյալներ: Այժմ Եվրոպայի համար դրա ժամանակը չէ:
-Այսինքն` այս պահին Ղարաբաղի հարցի ժամանա՞կը չէ:
-Ընդհանրապես ժամանակ չկա: Միգուցե առանձին մասնագետներ, գործիչներ դրանով զբաղվում են, սակայն Եվրոպան ամբողջությամբ դրանով չի հետաքրքրվում: Հիմա Ղարաբաղյան խնդիրը հեռվում է մնացել: Ես կրկին նշում եմ, որ միգուցե առանձին անհատներ դրանով զբաղվում են, սակայն ամբողջապես այժմ դա Եվրոպայի հետաքրքրությունների առանցքում չի գտնվում:
-Դուք նշեցիք, որ միայն բանակցություններով կարող է հարցը լուծվե՞լ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե նաեւ Ձեր խոսքում նշեցիք, որ հետաքրքրություն առկա չէ:
-Ղարաբաղի համար ժամանակ կա այն առումով, որ ոչ մի կոնֆլիկտ չլինի: Հենց այդ առումով էլ պետք է անընդհատ բանակցել: Եթե Դուք հարցնեք Եվրոպային, ապա վերջինս կասի այն, ինչ ասել է այս վերջին 30 տարիների ընթացքում, որ կոնֆլիկտը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով` բանակցությունների միջոցով: Բայց Դուք տեսնում եք, որ այժմ Եվրոպան չունի այն ուժը կամ ազդեցությունը տարածաշրջանի վրա, որպեսզի որեւէ կերպ գործի: Եվրոպան կարող է ամեն ինչ անել, որ կոնֆլիկտներ չլինեն, սակայն այս հարաբերություններում այլ քայլերի հիմքեր չեմ տեսնում:
-Արդո՞ք Ադրբեջանը չի կարող օգտվել այն հանգամանքից, որ այժմ մյուս երկրները զբաղված են այլ հարցերով եւ դիմել նոր արկածախնդրության:
-Գիտե՛ք, այժմ Եվրոպան չունի հետաքրքրություն եւ ուժ զբաղվելու նաեւ Ուկրաինայում ընթացող գործընթացներով: Հենց կոնֆլիկտի կողմերը պետք է որոշեն այս հարցը` առանց միջնորդների: Ղարաբաղյան հակամարտության հարցում, իմ կարծիքով, լրիվ այլ դերասաններ կարող են սկսել խաղալ, այդ թվում` նաեւ Չինաստանը, որը Ձեր տարածաշրջան է մտնում մեծ քայլերով` ընդլայնելով իր քաղաքականությունը: Չինական ազդեցությունն իրոք մեծանում է նաեւ քաղաքական առումով, եւ ես մտածում եմ, որ կանցնի ժամանակ, եւ տարածաշրջանային խնդիրներով կզբաղվեն ոչ թե եվրոպացիները, այլ Շանհայական համագործակցության ղեկավարները:
-Դատելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներից՝ պատերազմի հավանականություն առկա՞ է:
-Ես կարծում եմ` ոչ, քանի որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Եթե պատերազմ սկսվի, Եվրոպան կակտիվանա եւ «կրակը հանգցնողի» դեր կկատարի, ուղղակի հույսեր, որ Եվրոպան այժմ ինչ-որ բան կանի ինչ-որ մեկի փոխարեն, պետք չէ սպասել: Մոտ տասը տարի առաջ Եվրոպան բոլորովին այլ էր, հանգիստ, ուներ մեծ էներգիա` զբաղվելու այլ երկրների, այլ մարդկանց հարցերով: Այժմ Եվրոպան զբաղված է պարբերաբար տեղի ունեցող ահաբեկչություններով, սակայն պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ:

 

 

 

ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախնական քննարկումը, որին մասնակցում էին նաեւ մարզպետներ եւ մի շարք համայնքների ղեկավարներ:

Քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց փաթեթը, որով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագիր` ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզի համայնքային փնջերում:
Նիստի ընթացքում ներկայացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, դրա շուրջ եղած խնդիրներն ու մտահոգությունները: Նշենք, որ այս նախագծերը դրական եզրակացությամբ նախատեսվում է ներառել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Այս շտապողականությունն էլ առաջացրեց հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի զարմանքը: Նա նշեց, թե պատշաճ քննարկումներ է պետք անցկացնել. «Մենք քննարկել ենք մարզպետի հետ, ես նման մոտեցմանը, նման շտապողականության դեմ եմ»:
Քննարկմանը ներկա մարզպետները «Ժողովուրդ»-ի հետ զրույթում չթաքցրին, որ դժգոհություններ եղել են: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, թե համայնքների ղեկավարների հետ քննարկումները եղել են եւ եկել են ընդհանուր հայտարարի: «Իհարկե, կան որոշակի դժգոհություններ, բայց այստեղ կարեւոր է մեծամասնության կարծիքը: Իհարկե, որոշ մարդկանց մոտ կարող է դժգոհություններ լինել»,- նշեց նա:
Դժգոհություններ առկա են նաեւ Արագածոտնի մարզում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նշեց, թե հիմնական դժվարությունները եղել են սկզբնական փուլում, հետո եկել են ընդհանուր հայտարարի: «Հիմնականում խնդիրն այն է, որ յուրաքանչյուր գյուղապետ ինքն է ցանկանում դառնալ իրաբանական անձ: Իհարկե, ժամանակը ցույց կտա, սակայն դրական սպասելիքներ ունենք», – հավելեց մարզպետը:
Նույն իրավիճակն է նաեւ Գեղարքունիքի մարզում: Նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանի խոսքով՝ դժգոհություններ չէին կարող չլինել: «Հիմնականում դժգոհությունները կապված էին գյուղերի սովորույթների հետ, դուք գիտեք, որ մեր տարածաշրջանում կան Ադրբեջանից գաղթածներ, պետք է ի վերջո ազատվենք այդ խնդիրներից», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿՐԿԻՆ ՈՒՇԱՑԱԾ
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` այդ երկրին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Ավելին՝ այս երկրներն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Քաթարը, իսկ մոտ 10 ավիաընկերություն էլ դադարեցրել է դեպի այնտեղ թռիչքները: Եւ ահա, չնայած այս վիճակին, զարմանալի զուգադիպությամբ Հայաստանը Քաթարի հետ է՛լ ավելի է ջերմացրել իր հարաբերությունները: Նույնիսկ հունիսի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Քաթարի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին նախագծին: Բացի այդ՝ նախատեսվում է նաեւ ավելացնել Քաթարից Երեւան կատարվող չվերթների թիվը: Ստացվում է` Հայաստանի դիվանագիտությունը կրկին կաղում է. մինչ ուրիշ պետություններ Քաթարին մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ, Հայաստանը է՛լ ավելի ջերմեռանդությամբ է փորձում խորացնել հարաբերությունները:
 

ՕԳՆԱԿԱՆԻՆ ԲԵՐԵՑ
Դավիթ Հարությունյանի` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես եւ ընդունված է, աշխատանքից ազատվել են նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի օգնականներն ու խորհրդականները` 6 հոգի: Կադրային այլ փոփոխություններ Դավիթ Հարությունյանը դեռեւս չի իրականացրել, միայն իր օրոք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նունե Խաչատրյանն է նախարարություն տեղափոխվել: Վերջինս, հիշեցնենք, համարվում է Հարությունյանի հավատարիմ գործընկերը, նրա աջ ձեռքը: Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հետ Ազգային ժողով է տարել Գոհար Պողոսյանին, ով արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատուն էր: Նա խորհրդարանում կաշխատի արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանի աշխատակազմում:
 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԱՆԻ
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր նոր պաշտոնյա աշխատանքի անցնելուց հետո սկսում է կադրային վերադասավորումներ կատարել` հաճախ համակարգում իր մարդկանց աշխատանքի տեղավորելով: Սակայն Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանը, չնայած 10 օր է` ինչ աշխատում է այդ պաշտոնում, սակայն կադրային փոփոխություններ դեռեւս չի կատարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բոթոյանը հաստատեց կադրային փոփոխություններ չանելու փաստը՝ հավելելով. «Ասեմ, որ առայժմ ոչ մի փոփոխություն չի եղել, ես հակված չեմ փոփոխությունների: Այն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աշխատել, ես սիրով կաշխատեմ, ովքեր չեն ցանկանա, մենք միասին չենք աշխատի»,- նշեց նա:




Լրահոս