ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 4418-ով ավելացել են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` մեկ ամսվա ընթացքում 2.1 տոկոսով աճել է նաեւ բնակարանների գրավադրման ցուցանիշը, ինչը խիստ մտահոգիչ է:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, անշարժ գույքի վաճառքի գործարքները նվազել են: Օրինակ՝ այս տարվա մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 28.3 տոկոս, որը ապրիլի համեմատ 0.2 տոկոսով նվազել է: Մասնագետները սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքներից վաճառքի քանակի նվազումը կապում են մարդկանց գնողունակության հետ: Հենց այս հանգամանքը հանգեցրել է գործարքների քանակի նվազեցման: Այդ առումով վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Օրինակ՝ Երեւանում վաճառվող բնակարան կարելի է գտնել ոչ միայն ցանկացած շենքում, այլեւ ամեն հարկում: Իսկ գնորդներ կա՛մ չկան, կա՛մ քիչ են: Հայաստանի բնակչության մի մասն էլ ձգտում է թեկուզ էժան գնով ազատվել ունեցած բնակարանից կամ տնից եւ արտագաղթել: Բնակարանների, տների վարձակալության գործարքները նույնպես նվազել են: Եթե այս տարի բնակարանների կամ տների վարձակալության գործարքները կազմել են 4.7, ապա ապրիլին դրանք 6.2 տոկոս են եղել: Ինչպես հայտնի է` Հայաստանում վերջին շրջանում տուն կամ բնակարան վարձակալում են նաեւ զբոսաշրջիկները, որովհետեւ այս տարբերակն ավելի հարմար է, քան հյուրանոցներից օգտվելը:
Իսկ ահա անշարժ գույքի գրավադրման աճը ենթադրում է, որ զգալիորեն ավելացել են անշարժ գույքի գրավով վարկեր եւ փոխառություններ վերցնելու գործարքները: Եթե այս տարվա մայիսին գրավադրումը կազմել է 15.1 տոկոս, ապա ապրիլին այն եղել է 13 տոկոս: Այսինքն՝ գրավադրումը 2.1 տոկոսով ավելացել է: Ինչը ցավալի եւ միեւնույն ժամանակ մտահոգիչ է: Քանի որ ակնհայտ է, որ ավելացել են այն մարդիկ ու ընտանիքները, որոնք այս կամ այն սոցիալական խնդրի լուծման համար այլ ելք չգտնելով` ստիպված դիմում են ամենածայրահեղ քայլին` իրենց ունեցվածքի գրավադրման միջոցով փոխառություններ են վերցնում` բարձր տոկոսադրույքով: Եւ չկարողանալով մարել վարկային պարտավորությունները՝ հայտնվում են փողոցում` անտուն: Հետեւաբար գրավադրված տները մնում են բանկերին, իսկ վերջիններս էլ չկարողանալով գրավադրած արժեքով վաճառել՝ այն օտարում են կոպեկներով:
Սակայն ըստ մասնագետների` այս գրավադրումները կապ չունեն հիպոթեքային շուկայի հետ: Քանի որ հիպոթեքային վարկավորման դեպքում կատարվում է նաեւ օտարման գործարք, այսինքն` ձեւակերպվում է առքուվաճառք, եւ տունը գրավադրվում է բանկում: Մեզ մնում է հուսալ, որ ստեղծված այս իրավիճակը`տները գրավադրելու մասով, չի անտեսվի գործող իշխանությունների կողմից:
Մի ուշագրավ փաստ եւս. այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, մայրաքաղաք Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում բնակարանների մեկ քմ-ն զգալիորեն թանկացել է: Միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը թանկացել է 23 հազար դրամով, իսկ Արաբկիրում` 10 հազարով: Հինգ վարչական շրջաններում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ այլն) հակառակը` էժանացել է, իսկ մյուսների գնային մակարդակը պահպանվել է: Ոլորտին քաջատեղյակ մասնագետների խոսքերով՝ պատճառն այն է, որ մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներից են Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանները:
Բնակարանների մեկ քառակուսի մետրի ե՛ւ թանկացում, ե՛ւ էժանացում արձանագրվել է նաեւ ՀՀ մարզերում: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունիում բնակարանի մեկ քմ-ն այս մայիսին, ապրիլի համեմատ, թանկացել է 7900 դրամ: Նույն մարզի Վարդենիս քաղաքում մեկ ամսում թանկացումը կազմել է 700 դրամ: Իսկ Սեւանում մեկ ամսում բնակարանների մեկ քմ-ի գինը 5300 դրամով է էժանացել: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 1300 դրամով, Մեղրիում նույնպես 1300-ով, Քաջարանում` 1700-ով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՌԵՂԾՎԱԾ Է ԴԱՐՁԵԼ
Հունիսի 17-ին Գյումրու ավստրիական «Մոր եւ մանկան հիվանդանոցից» ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել նորածին երեխայի դի: Պարզվել է, որ ծննդկանը Արթիկի «Մոր եւ մանկան» առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, ով նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվելիս է եղել Գյումրի, սակայն ճանապարհին մահացել է: Արթիկի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը առեղծված է դարձել:
Մեկ օրական փոքրիկը, ըստ նախնական տեղեկությունների, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը` Ռուստամը, հայտնեց, որ կնոջ` Անիի հղիությունն առանց խնդիրների է անցել: Իսկ ծնունդն անսպասելի է տեղի ունեցել` հղիության 6-րդ ամսում: «Հղիությունը շատ լավ էր անցնում, որեւէ խնդիր կամ գանգատ չի եղել: Թե ինչու ծննդաբերությունն այդքան վաղ եղավ, դեռեւս հայտնի չէ: Փորձաքննության պատասխաններին ենք սպասում: Վարկած կա, որ թոքի հետ կապված է եղել խնդիրը»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Հոր փոխանցմամբ` երեխայի քաշը պակաս է եղել: Բուժման նպատակով երեխան տեղափոխել է Գյումրու «Ավստրիական մոր եւ մանկան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն ճանապարհին մահացել է: Երեխայի մահվան փաստով Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

 

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է +40 ԱՍՏԻՃԱՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հուլիսի 4-ին, 5-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կբարձրանա 2-3 աստիճանով՝ 5-6 աստիճանով նորմայից բարձր, հուլիսի 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, իսկ հուլիսի 7-8-ի երեկոյան Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում:




Լրահոս