Լուսանկարը` համացանցից
Այո՛, հաճելի է, երբ օրվա եռուզեռում գոնե մեկ-մեկ հանդիպում ենք նման հումորների: Իսկ գաղափարը գործող է: Սա, թերեւս, հուշող մեթոդ է տնային տնտեսուհիներին, թե ինչ կարող են եփել այն ժամանակ, երբ որեւէ ճաշացանկ չունեն:
ՀԱՐՑ. Ես ու ամուսինս մեր ամուսնության ընթացքում ձեռք ենք բերել անշարժ գույք, սակայն իմ անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ պետական գրանցման վկայականում չկա նշված: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի որպես համասեփականատեր նշվի նաեւ իմ անունը:
Վարսեր Մեսրոպյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում է դիմողներին:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները՝ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում:
ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն մահացել է, հնարավո՞ր է ստանալ նրա հասանելիք կենսաթոշակը: Եթե այո, ապա ի՞նչ կարգով, ո՞վ կարող է ստանալ: Գումարը ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Լուսինե Մաթեւոսյան (51 տարեկան, հոգեբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:
Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե: 2017 թվականի հուլիսի մեկի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմել է 464 հազար 698: