Ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ, որտեղ լսվել և հավանության է արժանացել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանն ասել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին, իրականացվելու են հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների սոցիալական պաշտպանության և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
«Գալիք տարում սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված նախատեսված միջոցառումներն իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝ հաշմանդամության կարգ ունեցող իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում և հանրային իրազեկում, նրանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում, ինչն իր մեջ ներառելու է սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների անվճար կրթությանն ու մասնագիտական ուսուցմանն ուղղված ծրագրերի շարունակում, նրանց ներգրավումը մարզական, մշակութային, զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ԱՀ պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց բնակարանային պայմանների բարելավում, զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական ֆինանսական աջակցությամբ ծրագրերի իրականացում, սոցիալապես անապահով հաշմանդամներին դրամական օգնության ցուցաբերում, ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակների ընդլայնում»,-ասել է Ս. Իսրայելյանը և ավելացրել, որ կատարելագործվելու է նաև սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիներին հատկացվող պրոթեզաօրթոպեդիկ վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների՝ թիկնասայլակների, հենակների, ձեռնափայտերի, քայլակների, լսողական սարքերի տրամադրման գործընթացը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների բժշկական և առողջարանային բուժման կազմակերպմանը միտված ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում շուրջ 260 սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների արդեն օգտվել են այս նախաձեռնությունից՝ համապատասխան առողջարանային բուժում ստանալով ՀՀ տարբեր մասնագիտացված առողջարաններում:
«2018 թվականին նախատեսվում է ընդլայնել ծրագիրը՝ բոլոր խմբերի հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների համար ավելացնելով առողջարանային հանգստավայրերի թվաքանակը»,-նշել է Ս. Իսրայելյանը:
Խոսելով հաշմանդամության կարգ ունեցող երեխաների մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ նրանք շարունակելու են մնալ պետության հոգածության ներքո:
«Մասնավորապես մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները մեկամսյա բուժում են անցնելու Ջերմուկի առողջարանում, ինչը նպաստելու է նրանց թե´ առողջական, թե´ բարոյահոգեբանական վիճակին»,-մանրամասնել է Ս. Իսրայելյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում հաշվառված է ավելի քան 9000 սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիներ, այդ թվում՝ 405-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: