ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղյան շարժումը նշեցին միայն անկախության ակունքում կանգնածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Հայաստանում այդպես էլ պետականորեն չնշվեց: Միայն Սերժ Սարգսյանն էր ուղերձ հղել Շարժման 30-ամյակի առթիվ` նկատելով. «Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերեւս ամենակարեւոր երեսնամյակն է»:

Չնայած այս խոսքերին` հայոց պատմության վերջին տարերի ամենակարեւոր երեսնամյակը եւ այդ իրադարձությունների ակունքներում կանգնած անձինք անտեսվեցին: Ավելին` Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության օրոք, Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին առիթը բաց չեն թողել այդ անձանց եւ, ընդհանրապես, Շարժումը վարկաբեկելու, անկախության արժեքները փոշիացնելու հարցում:

Ինչեւէ: Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Ազատության հրապարակում նշեցին «Հայ ազգային կոնգրեսի» անդամները, անձինք, ովքեր կանգնած են եղել ակունքներում` առաջնորդելով համազգային շարժումը: Այնտեղ էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մի քանիսը: ԱԺ նախկին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Բաբկեն Արարքցյանը ելույթ ունեցավ` մի քանի ուշագրավ դիտարկում անելով. «Առաջին Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձեւով՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով Ռուսաստանում կատարված հեղաշրջման հետեւանքով, Երկրորդ Հանրապետությունը՝ ռուսական ագրեսիայի շնորհիվ: Կարմիր բանակը գրավեց Հայաստանը եւ հիմնադրեց բոլշեւիկյան ռեժիմ:

Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձեւով` հիմնվելով Սովետական Միության օրենքների եւ միջազգային իրավունքի հիմքերի վրա»,-ընդգծեց Բաբկեն Արարքցյանը: Եւ իրոք, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների` Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը կազմակերպվեց այն ժամանակ գործող օրենսդրության տառին ու ոգուն համաձայն, այնպես, որ հազարամյակներ անց որեւէ մեկը չի կարողանա կասկածի տակ դնել ու վիճարկել գործընթացը:

Նախօրեին Ազատության հրապարակում տոնական հավաքի ժամանակ ցուցադրված էին Շարժման մասին պատմող լուսանկարներ, նաեւ Շարժման ժամանակ Ազատության հրապարակում փակցված պաստառները, նկարները, կոլաժները:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ընթերցել է Անկախության հռչակագիրը, երեկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս իշխանությունների քաղաքականության արդյունքում երկրից դուրս մղվեցին ակտիվ քաղաքացիները, նաեւ շարժման ակունքում կանգնածները: «Այս իշխանությունների հիմնական արած գործը դա էր՝ ըմբոստ մարդկանց քշել երկրից: Հերոս մարդկանց հեռացնել հրապարակից, եւ իրենց մոտ, կարծես թե, այդ բանը լավ էլ ստացվել է»,- ասաց նա:

Ներկաներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեցին, որ ղարաբաղյան շարժման 30-ամյակը պետականորեն չի նշվում: ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը շատ ցավալի որակեց երեւույթը: «Սա պետք է անշուշտ պետականորեն, մեծ շուքով նշվեր, որովհետեւ սա մեր սերունդների համար հերոսական էջ է եղել: Այսօր ամոթալի է, ցավալի է, որ այսօրը պետականորեն չի նշվում: Ինձ համար անհասկանալի է, չեմ կարող գտնել պատասխանը: Իշխանության մեջ միգուցե արմատը չի եղել, սակայն մասնակցություն ունեցել են: Գոնե հանրապետության նախագահը պետք է նախաձեռներ այն պետականորեն նշել», – նշեց պարոն Մալխասյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս